Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է.
«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,
2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև վերականգնել կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը:
Ուրախ եմ արձանագրել, որ նշածս երկու կետերն էլ դրվել են հաջող ընթացքի վրա, դա են փաստում արված աշխատանքները:
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի մաս, և շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։
Ինչպես նախկինում էր հայտնի առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և ես ինքս խոսել եմ այդ մասին։ Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու մեր համայնքի համար գերկարևոր ծրագրերը։
Շնորհակալություն եմ հայտնում համատեղ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի համար իմ բոլոր գործընկերներին»: