Կարևոր իրադարձություններ

Այս պահին Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

14 Մարտ, 2023 15:37
Այս պահին Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հետ հանդիպման մասին հարցին.

«Այս պահին հանդիպում նախատեսված չէ: Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց, մյուս կողմից, մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին երաշխիքներԵթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է էսկալացիաներ արդարացնելու համար, դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը մտահոգություն է հայտնել բրյուսելյան ձևաչափի հետ կապված.

«Այդ քննարկումների արդյունքում և ընթացքում և դրանից էլ առաջ մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ: Խնդիրը հետևյալն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Ես 2021 թ. դեկտեմբերի 14-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրառում արեցի, որ պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին գործարկում ենք, և երկաթուղին պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, որոնց տարածքով անցնում է: Այսինքն՝ դա ճշգրիտ արտահայտում էր մեր պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարություն եմ արել Կառավարության նիստին, մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել: Ի՞նչն է պատճառը, որ չի վերսկսվել:

Որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ որ արդեն պայմանավորվածությունը պետք է գրավոր ձևով ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է այդ պայմանավորվածությունը ստորագրելուց: Բրյուսելյան ֆորմատի հետ կապված մենք տասը, եթե չասեմ՝ տասնյակներով, գոնե տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին