«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ՊՎԾ-ն հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դա պայմանավորված է ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/1272022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ ծառայության առջև դրված խնդիրների լիարժեք լուծման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցներին պահանջելու ներկայանալ ծառայություն` պարզաբանումներ ներկայացնելու, աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով՝ նախագծով նաև նախատեսվել է, որ ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս կարող է ներկայացնել նման պահանջ: Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների շարքում ավելացվել է նոր՝ ֆինանսաբյուջետային դիտարկում, այդ թվում՝ հանդիպակաց ֆինանսաբյուջետային դիտարկում գործիքները, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է փոփոխություններ կատարել նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:
Լիազորությունների շարքը լրացվել է նաև նոր լիազորությամբ, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում:
Օրենքի նոր խմբագրությամբ շարադրելու պայմաններում անհրաժեշտություն է առաջացել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում՝ նախատեսելով, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատողը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության առնչությամբ, բացառությամբ վերահսկողության ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի, որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել:
Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող են տրամադրվել նաև Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: