Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցեր քննարկելու համար խումբ է ստեղծվել. Արցախի ԱԽ

03 Մարտ, 2023 11:48
Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցեր քննարկելու համար խումբ է ստեղծվել. Արցախի ԱԽ

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։

Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

Հանդիպման օրակարգային հարցերն էին․

1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.

2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.

3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.

4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետև արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։

Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:

Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։

Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։

Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր: Մինչդեռ, ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։

Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն։

 
 

Լրահոս

Դիտել ավելին