Ի՞նչ դա կտա «խաղի» մասնակիցներին
«...Ամեն դեպքում, ստացվում է, որ ՕԵԿ-ը կլինի «ոչ»-ի ճամբարում, բայց առանց ճակատի, այսինքն՝ մինչ այժմ կարծես ձեւավորվող ճակատների մեջ չի ընդգրկվի: Թեպետ, Հայաստանի քաղաքական կյանքում այնքա՜ն մետամորֆոզներ են եղել, որ ամեն ինչ էլ չի կարելի բացառել:
Մյուս կողմից, ի՞նչ կարող է տալ ՕԵԿ-ի այս դիրքորոշումը «խաղի» մասնակիցներին: «Հայկական վերածնունդը»՝ վերածնունդ, բայց չմոռանանք, որ խոսքն այնուամենայնիվ խորհրդարանական ուժի մասին է: Իսկ մեր քաղաքական կյանքում դա նշանակում է, որ տվյալ կուսակցությունը բոլոր կարգի ընտրական հանձնաժողովներում լիարժեք ներկայացված է:
Այսպիսով, առնվազն երեք խորհրդարանական ուժ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը, «ոչ»-ի դիրքերում են եւ ընտրական հանձնաժողովներում ներկայացված: Սա պետք է դիտել որպես խիստ դրական հանգամանք: Դրական՝ այն պարզ պատճառով, որ այսպիսով ընտրահանձնաժողովների կազմերը հնարավորինս հավասարակշռված են դառնում՝ սահմանադրության փոփոխությունների կողմնակիցների եւ հակառակորդների ներկայացվածության առումով:
Իսկ դա նշանակում է, որ բուն ընտրական կամ հանրաքվեային գործընթացի արդյունքները պետք է որ կասկածի տեղիք չտան: Փոփոխությունների նախագծի հակառակորդները, փաստորեն, լիարժեք հնարավորություն ունեն վերահսկելու ընտրական գործընթացը: Այսինքն՝ իրենք ոչ պակաս պատասխանատվություն են կրում այդ ամենի համար»: