Կարևոր իրադարձություններ

«Կոմիտաս» պատկերագիրքը հանձնվեց մշակութասերների դատին

07 Հոկտեմբեր, 2015 20:33
«Կոմիտաս» պատկերագիրքը հանձնվեց մշակութասերների դատին

Կոմիտասի ժամանակակիցների և արդի արվեստագետների` վարդապետին նվիրված ու նրան ներկայացնող ստեղծագործությունները` մեկ պատկերագրքում են: Հոկտեմբերի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի, «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի և «Աշխարհի հայ նկարիչներ» միավորման հրատարակած «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։

«Այստեղ ամփոփված են Կոմիտասի ժամանակակիցներից մինչև մեր ժամանակակից նկարիչների վրձնի աշխատանքները: Ալբոմ է, որտեղ առկա է նաև Կոմիտասի տարեգրությունը, նրան վերաբերող գրականության ցանկ: Կոմիտասի` աշխարհի տարբեր անկյուններում գտնվող քանդակների, պատկերների հավաքական ամբողջությունն է»,- խոսելով պատկերագրքի մասին, նշեցԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` պատկերագրքում զետեղված են նաև նմուշներ անհատական հավաքածուներից:

«Առաջին անգամ է հայ իրականության մեջ նման ալբոմ ներկայացվում: Շատ կարևոր նախաձեռնություն էր: Վստահ եմ, որ մեր մշակութասեր հասարակության համար հրաշալի նվեր կլինի. ևս մեկ գեղեցիկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ նախաձեռնություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»,- նկատեց Արամ Սուքիասյանը: Նա տեղեկացրեց, որ որոշ նմուշներ առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:

Պատկերագրքում զետեղված է նաև Կոմիտասին նվիրված գրականության` գիտական աշխատությունների, հոդվածների, հուշագրությունների, գեղարվեստական երկերի ցանկ։

Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլ պաշտոնյաներ ծաղիկներ դրեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին:

 

Լրահոս

Դիտել ավելին