Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանն ընդգծել է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակում է օրակարգային մնալ

04 Մայիս, 2021 16:21
Դավիթ Բաբայանն ընդգծել է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակում է օրակարգային մնալ
Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։
 
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ ԱրՊՀ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և նրան պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով։
 
ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:
 
Խոսելով արտաքին քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքների առաջնահերթություններից՝ նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակում է օրակարգային մնալ:
Պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրները հաղթահարման և վերականգնման համատեքստում Դավիթ Բաբայանը կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:
«Մեր պատմության մեջ բացվել է դառը, մղձավանջային մի էջ: Բայց մենք չպիտի վհատվենք ու հուսահատվենք: Մենք կարող ենք ապաքինվել, պետք է կազմակերպվենք, յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքով վերականգնվենք»,-նշել է նա։
Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է.«Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն»:
«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել»,-նշել է նա՝ կարևորելով երիտասարդության ներուժն ազգային իղձերի իրականացման գործում:
ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին:

Լրահոս

Դիտել ավելին