Կարևոր իրադարձություններ

Սննդային հավելումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդանոց են ընկնում

17 Հոկտեմբեր, 2015 18:15
Սննդային հավելումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդանոց են ընկնում

Սննդային հավելումների ու արհեստական վիտամինների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդանոցում են հայտնվում: Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ամերիկյան կենտրոնի ու Սննդամթերքի ու դեղամիջոցների վերահսկողության վարչության տվյալներով՝ ԱՄՆ –ում 23 000 բժշկական այցելությունների պատճառը արագացած սրտխփոցը, կրծքավանդակում ցավերը ու տախիկարդիան են, որոնք առաջանում է սննդային հավելումների պատճառով: Այդ հիվանդներից 2154-ին հիվանդանոց են պառկեցնում:

Մասնագետների խոսքով՝ ամենաշատ բարդություններն ու խնդիրներն առաջացնում են քաշի նվազեցման եւ «ուժ ու եռանդ հաղորդելու» համար նախատեսված հավելանյութերը, ընդ որում նման բարդությունների հաճախ 20-34 տարեկան երիտասարդներն են բախվում: Ավելին, այդ հավելումների բարդացումներն ու կողմնակի էֆեկտները հիմնականում սրտին են վերաբերում:

Ինչպես նշել է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության կենտրոնի բուժսպասարկման որակի վերահսկողության բաժնի աշխատակից Էնդրյու Հելլերը, մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող են ունենալ սննդային հավելումները, ու որքան մարդ է դրանց պատճառով ստիպված բժշկի դիմում:

Սննդային հավելումների շուկան շատ եկամտաբեր է՝ այդ հավելանյութերը սովորաբար լավ են վաճառվում, իսկ դրանք արտադրողներն էլ վաճառքի միջոցով միլիոններ են վաստակում: Ամերիկացիների կեսը խոստովանում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որեւիցե սննդային հավելում է օգտագործել՝ սովորաբար վիտամիններ:

Սակայն խնդիրն այն է, որ սննդային հավելումները Սննդամթերքի ու դեղամիջոցների վերահսկողության վարչության հաստատման կարիքը չունեն, դրա համար էլ դրանք արարգել վաճառվում են՝ շրջանցելով բոլոր այն հետազոտությունները, որոնք պարտադիր են դեղամիջոցների համար: Դրա համար էլ դրանց անվտանգության՝ էլ չասենք արդյունավետության վերաբերյալ 100 տոկոսանոց վստահություն չի կարող լինել, նախազգուշացնում են մասնագետները: Իհարկե, եթե որեւէ սննդային հավելանյութ վտանգավոր լինի, Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության վարչությունը կարող է այն շրջանառությունից հանել: Բայց մինչ այդ այն կարող է արդեն որեւէ մեկին վնաս պատճառած լինել:

Մասնագետները խորհուրդ են տալիս որեւէ սննդային հավելում գործածելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այդ նյութերը կարող են անցանկալի ձեւով փոխգործակցել այն դեղորայքի հետ, որը դուք ընդունում եք, բացի դրանից որոշ վիտամիններ կարող են շատ վտանգավոր լինել, եթե այն ընդունեք ավելի մեծ չափաբաժնով, քան թույլատրված է:

 

Լրահոս

Դիտել ավելին