Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ին սատարող ուժ է եղել, եւ ավելի լավ կլիներ, որ քաղաքական գնահատականների ճանապարհով գնար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին:
Գալուստ Սահակյանը նորմալ է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով երկրի երկրորդ նախագահը, իր տեսակետն է հայտնում։
«Ընդդիմադիրները Քոչարյանի բարձրացրած խնդիրներին արդեն անդրադարձել են, եւ մեր գործընկերները դրանց պատասխանել են։ Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ին սատարող ուժ է եղել, եւ ավելի լավ կլիներ, որ քաղաքական գնահատականների ճանապարհով գնար»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե Քոչարյանը ընդդիմադիրի ճանապարհով է գնում, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ոչ, այդ տպավորությունը չունեմ, ընդդիմադիր դառնալու համար պետք է նախ հայտարարել այդ մասին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին։