Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ,
Ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար:
Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ և պատեհ առիթ է, ամփոփելով կատարված աշխատանքը, երախտիքի և շնորհակալության խոսք ուղղել հատկապես մեր հողագործներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծում են անուշահամ բարիքներ՝ լուծելով մեր երկրի պարենային ապահովության խնդիրը:
Տարին աննախադեպ լիառատ և բարեհաճ էր գյուղատնտեսության համար: Հայրենի հողը լիարժեք վարձահատույց եղավ` մեզ շռայլորեն պարգևելով արևաշող բերք ու բարիք:
2015 թվականին գյուղատնտեսությունը նշանակալի աճ և դինամիկ առաջընթաց է ապահովել ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ դա ոչ միայն բարենպաստ բնակլիմայական պայմանների, այլև պետական օժանդակության ծրագրերի, լրացուցիչ մշակված հողատարածքների, արտադրության ինտենսիվացման և ամենակարևորը` հայ շինականի օրնիբուն աշխատանքի արգասիքն է:
Անշուշտ եղել են նաև թերացումներ, խնդիրները բազմաթիվ են և հաճախ ստվերում են ձեռքբերումները, հայ գյուղացու առօրյան հոգսաշատ է ու դժվարին, բերքի իրացման հարցում դեռևս առկա են որոշակի դժվարություններ, որոնք քայլ առ քայլ ստանում և ստանալու են իրենց լուծումները:
Սիրելի հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն, առողջություն և բարօրություն: Ցանկանում եմ, որ հայ գյուղացին լիարժեք կարողանա վայելել իր արդար աշխատանքի պտուղները: