Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը. ամբողջական

21 Սեպտեմբեր, 2020 17:20
Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը. ամբողջական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
սիրելի ուսանողներ, աշակերտներ,
հարգելի ներկաներ,
սիրելի հայրենակիցներ,

նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս ևս մեկ անգամ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով:

Ցանկանում եմ ընդգծել, որ օգտվելով կառավարության որոշման ընձեռած հնարավորությունից և հաշվի առնելով այսօրվա մեր ներկայացման բացառիկ բնույթը՝ ես այսօր ինձ թույլ եմ տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ մեզ բոլորիս հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը:

Եվ, այսպես, ես ներկայացնում եմ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը:

Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, և եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մենք մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձևավորե՞լ ենք, ձևակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե նաև պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Ես կցանկանայի, որպեսզի ռազմավարության գործնական նշանակությունն ավելի պարզ լիներ, կցանկանայի այն սեղմել և հասցնել 1 օրվա կտրվածքի: Պատկերացրեք՝ այդ 30 տարին մենք սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք և չգիտենք՝ ուր գնալ այդ 1 օրվա ընթացքում, չգիտենք մեր անելիքը, և ի՞նչ կլինի այդ պարագայում: Մենք կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Եվ, հետևաբար, Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին»:

Վարչապետն անդրադարձել է ռազմավարության կառուցվածքին՝ խոսելով գաղափարի, տեսլականի և գործողության մասին։ «Շատ կարևոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետև մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում ենք ոչ միայն որևէ կառավարության գործողություն, այլև Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը և իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարևոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։

Ռազմավարության գաղափարական հենքի առումով վարչապետը նշել է. «Այս փոփոխություները հիմնված են մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա և շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է այս վերափոխման վերջնական նպատակը, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ։ Իհարկե, ամենակարևոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մինչև 2050թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում են 4 առաջնորդող արժեքներ՝

1. Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։

2. Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումները։

3. Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, ժողովուրդ և պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումն համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։

4. Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն»։

Հաջորդ գաղափարական հենքը, վարչապետի խոսքով, մեր ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։ Համահայկական առանցքի ձևավորման նպատակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համահայկական ներուժի համախմբում ասելով պետք է հասկանալ նաև կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում. «Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։

Վարչապետի խոսքով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է հետևյալ կերպ. մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։

Անդրադառնալով տեսլականին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դրա շրջանակում նախանշված զարգացման ուղենիշները բխում են առաջնորդող ազգային արժեքներից և նպատակներից։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է մինչև 2050թ. ակնկալվող տեսանելի ցուցանիշների և արդյունքների տեսլականը, ապա խոսել Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախատեսված գործողությունների մասին և մասնավորապես, 16 մեգանպատակների մասին։ Դրանք հետևյալն են՝

- Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ
- Պաշտպանված Հայաստան
- Արդյունավետ և հաշվետու կառավարում
- Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ
- Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք
- Իրավական Հայաստան
- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում
- Մաքուր և կանաչ Հայաստան
- Տարածքային խելամիտ զարգացում
- Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն
- Մեծ հայրենադարձություն և ինտեգրում
- Աշխարհի հետ կապված Հայաստան
- Վերականգնվող և հանրամատչելի էներգիա
- Գործարարաների համար գրավիչ Հայաստան
- Գիտելիքահենք Հայաստան
- Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան

Երկրի վարչապետը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ մեգանպատակներին հասնելու թիրախների, խնդիրների և լուծումների մասին։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանի վերափոխման շուրջ համազգային շարժման ձևավորումը։ «Մենք առաջիկայում Հայաստան2050 կայք կունենանք, որը կդառնա նաև աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ Երբ մտնում էինք 2020 թվական, ես ասեցի, որ այլևս մենք անցնում ենք ռազմավարական կառավարման։ Ընդ որում, այս ներկայացումը պլանավորում էինք անել ապրիլին՝ Քաղաքացու օրը, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց։ Հիմա մենք ռազմավարական կառավարում պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքով, և որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ», - եզրափակել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է շնորհանդեսի մասնակիցների հարցերին։

Տես՝ Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին