Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից Եվրոպա տեղափոխվող փախստականների հոսքը սպառնում է Գերմանիայում քաղաքական ճգնաժամի հասունացմանը, հաղորդում է Euronews-ը:
Գերմանական ARD հեռուստաալիքի հարցումների համաձայն, փախստականների ընդունման հակառակորդների թիվը մեկ ամսվա ընթացքում աճել է 10 %-ով եւ հասել 51%-ի: Կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականության մակարդակը նվազել է՝ հավասարվելով 4 տարվա նվազագույնին:
Այս պայմաններում կանցլերը Բունդեսթագ է մտցրել ներգաղթյալների ընդունման կանոնները խստացնող մի շարք օրինագծեր: Պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը կողմ է քվեարկել գործադիրի առաջարկներին:
Ներկայացնելով օրինագծերը, Անգելա Մերկելը հայտնել է, որ այդ խնդիրը կարելի է կարգավորել միայն միջազգային համագործակցությամբ:
Բունդեսթագում ընդունված լրացումների համաձայն, փախստականի կարգավիճակ ստանալու ցանկություն հայտնած անձանց տրամադրվող գումարի չափը զգալիորեն կկրճատվի, այլեւս չեն ընդունվի այսպես կոչված «անվտանգ երկրների» ներգաղթյալները, իսկ անօրինական միգրանտները դեպորտացիայի կենթարկվեն առանց նախնական ծանուցման: