Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր խոսքում, անդրադառնալով գեղարվեստի ակադեմիայի ձեռքբերումներին, շեշտել է, որ, հիմնադրվելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այն ի սկզբանե եղել և շարունակում է մնալ Հայաստանի ամենայուրահատուկ բուհերից մեկը:
«Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են, որոնցից շատերը պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլ մեր ամբողջ հասարակությանը և ժողովրդին: Գեղարվեստի ակադեմիայի սաներից ու դասավանդողներից շատերը, սկսած դեռևս մեծ վարպետ Մարտիրոս Սարյանից, դարձել են մեր մշակույթի բրենդը: Վստահ եմ, որ բուհն այսօր էլ վառ անուններ տալու պոտենցիալ ունի: Ուսանողական տարիներին միշտ չէ, որ հնարավոր է տաղանդներին միանշանակ առանձնացնել, սակայն վստահաբար այսօրվա ուսանողների մեջ կլինեն մարդիկ, ում անունները հետագայում հնչելու են Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գրիգոր Խանջյանի և Արամ Իսաբեկյանի կողքին»,- նշել է Աշոտյանը:
Գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ բուհում բացվել են խեցեգործության և դիզայնի ժամանակակից լաբորատորիաներ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ: