Հայ մամուլի անխախտ ու բազմամյա ավանդույթների հիմքը դրվեց 1794 թ. այս օրը` «Ազդարարի» հրատարակմամբ: Ճիշտ է, հայկական առաջին պարբերականը լույս ընծայվեց Հնդկաստանի Մադրաս քաղաքում, սակայն այն, իր անվանը հարիր, մեծապես նպաստեց հայ մամուլի զարգացմանը: «Ազդարարին» էր վիճակված խանդավառել «Բազմավեպի», «Ազգասերի», «Հյուսիսափայլի» և մյուս պարբերականների լույս ընծայումը: Անխոս, այսօր անկախ Հայաստանում գոյություն ունեցող ազատ մամուլի առկայությունը նշանակալիորեն պայմանավորված է նաև բազմադարյան փորձով և ավանդույթներով:
Վերոնշյալ փորձառությամբ հանդերձ` հայ մամուլն այսօր առաջադիմում է նաև արտասահմանյան մամուլի առանցքային հատկությունները կրելով, ինչը միանշանակորեն ողջունելի է: Ազգային ավանդույթների և միջազգային փորձառության համադրությունն ունակ է նոր հեռանկարներ բացել, չեմ խորշի պնդել, մեր կայացած մամուլի համար: Պատահական չէ, որ մամուլը ժողովրդավարական համակարգերում հանդես է գալիս «չորրորդ» իշխանության կերպարում: Մեր երկրում արդեն իսկ ունենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ և լրագրողներ, որոնք մեր քաղաքացիներին ոչ միայն ապահովում են համակողմանի տեղեկատվությամբ, այլև որակյալ վերլուծություններով և լրագրողական հետաքննություններով անգնահատելիորեն ազդում են հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացումների վրա: Կկամենայի առանձնապես ընդգծել նաև սփյուռքում լույս ընծայվող պարբերականների անուրանալի դերը հայ ինքնության պահպանման գործում:
Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ: Հավաստիացնում եմ, որ Աբովյանի քաղաքային իշխանությունները պատրաստակամ են հավուր պատշաճի համագործակցել բոլոր ԶԼՄ-ների հետ` ապահովելու տեղեկատվության մատչելիությունն ու նպաստելու ազատ խոսքի տարածմանը: Բոլորիդ մաղթում եմ բարօրություն, անընկճելի տոկունություն և ստեղծագործական հաջողություններ ամենատարբեր ձեռնարկումներում: