Այսօր Հայկական բնապահպանական ճակատն ահազանգել է, որ Սյունքի մարզի Աճանան գյուղում Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու խնդիրը դեռևս մնում է չլուծված: Խոսքը մասնավորապես վերաբերում է այդ հատվածում ձկների մասսայական սատկելուն։ Ըստ բնապահպանների` այս երևույթը Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերի՝ գետը լցվելու հետևանքն է։
Հայ բնապահպանական ճակատ-ի անդամ Լևոն Գալստյանը shabat.am լրատվականի հետ զրույցում նշեց․
«Հայտարարությունում օգտագործել ենք Աճանան համայնքի բնակիչներից մեկի՝ դեռևս մի քանի ամիս առաջ նկարած կադրերը։ Քաղաքացին միայն մի քանի օր առաջ է հրապարակել։ Ըստ երևույթին՝ տեղի բնակիչները նկարում են, բայց վախենում են հրապարակել։ Նկարներից երևում է, որ ջրի աղտոտումը կարող է մեծ վնաս հասցնել ամբողջ կենսաբազմազանությանը»։
Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենց հայտարարությանը արձագանքել են Բնապահպանության նախարարությունից՝ նշելով, որ բողոքը կփոխանցեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին․
«Բնապահպանության նախարարությունը սխալ մտայնություն ունի, թե ոչ մի գործառույթ չունի այս առումով։ Ընդամենը մի շատ պարզ հարց է պետք տալ նախարարությունը՝ ինչ ջուր է բաց թողնվում պոչամբարներից՝ գետեր»։
Ըստ բնապահպանի՝ ջրերի աղտոտման խնդիրը Հայաստանում միշտ է եղել է և առաջնահերթորեն կապված է պոչամբարների հետ։ Բնապահպանը կարծում է՝ պոչամբարների մոտ պետք է լինեն մշատադիտարկման կետեր։ Ըստ Լևոն Գալստյանի՝ կան մի շարք անպատասխան հարցեր․
«Ինչու՞ բոլոր հանքավայրերի պոչամբարների մոտ Բնապահպանության նախարարությունը չունի մշտադիտարկման կետեր և ի՞նչն է խանգարում ստեղծել նման կետեր, հատկապես այն վայրերում, որտեղից թափոնները հայտնվում են գետերի մեջ»: