Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը

12 Սեպտեմբեր, 2018 18:45
Փաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը

 Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն մեջբերեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հայտնի ձայնագրությունից հատված, որտեղ ԱԱԾ պետը նշում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն է, խայտառակ կլինենք»:

«Ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը հստակ հասկանում էր, որ միջազգային հարաբերությունների և կոնկրետ երկրի ստրատեգիական անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործընկերների համար խնդիր է առաջանում, ինչը չի կարելի ասել ՀՔԾ պետի մասով»,-ասաց նա և հարցրեց, թե արդյոք այս ձայնագրությունը նոր խնդիրներ չի առաջացնում իրավական, քաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց այդ պատճառով է, որ այդ խոսակցությունները տեղի են ունեցել, որովհետև երբ խնդիր է առաջացել Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջացնելու, այդ ազդակները գնացել են տարբեր ուղղություններով, և տարբեր ուղղություններով ազդակներ են ստացել ՀՀ ներկայացուցիչների կողմից:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խառնվել է այս գործին, որովհետև տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն: ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ այդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ և հաճույքով, այլ որովհետև դրսից, գործընկեր երկրներից նրան զանգել և անհանգստություն են փոխանցել, և քանի որ նա եղել է Շվեյցարիայում և տեղյակ չի եղել, թե ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին` հասկանալու, թե ինչ է կատարվում: Դրանից հետո ես ԱԱԾ տնօրենից եմ իմացել՝ այդպիսի իրավիճակ է ծագել, և ես եղել եմ Սանկտ Պետերբուրգում, որից հետո ինքս էլ զանգել եմ ՀՔԾ պետին՝ հասկանալու, թե արդյոք նման բան կա, և հետաքրքրվել եմ, թե նախնական պայմանավորվածությունների շրջանակում է ամեն ինչ, այսինքն՝ գործը հիմնավոր է, օրինական է»,-ասաց վարչապետը և նշեց, որ այդ մասին տեղյակ է պահել ԵԱՏՄ երկրների վարչապետներին:


«Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդպիսի խնդիրներ չեն առաջացնում, որովհետև եթե այդ խնդիրները ծագել են, մենք ժամանակին նրանց տեղյակ ենք պահել, այսօր ես այդ խնդիրները համարում եմ հարթված»,-հավելեց նա՝ անդրադառնալով մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ խնդիրներ ունենալու մտահոգությանը:

 Միհրան Հակոբյանը՝ շարունակելով հարցը հետաքրքրվեց , թե վարչապետը կարող է հավաստել, որ հետկանչումից, այս ձայնագրությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնալու է Հայաստանին: «Ձայնագրության մեջ ՀՔԾ պետը ոչ կոռեկտ խոսում է մի գեներալի մասին, որին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար են ընտրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները»,-նկատեց նա:


Վարչապետն ասաց, որ ինքը ոչ կոռեկտ բան չի տեսել: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե որևէ մեկը գաղտնալսի ձեր ամենօրյա աշխատանքային խոսակցությունները, կարող են բազմաթիվ ոչ կոռեկտ բաներ լինել, այդ թվում՝ ձեր խմբակցության պատգամավորների մասին, բայց դա չի նշանակում, որ պետք է որպես քաղաքական իրողություն ընդունենք»,-ասաց նա, իսկ Միհրան Հակոբյանը նշեց, որ նման բան չի լինի:

«Ոչ թե անձն է նշանակվել, այլ ներկայացուցիչն է նշանակվել ՀԱՊԿ քարտուղար, և ես ունեմ հիմք մտածելու, որ մենք այդ ժամկետը կպահպանենք»,-պատասխանեց վարչապետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին