Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no.27510/08)) գործով վճռի հրապարակումից հետո, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր՝ որպես երրորդ կողմ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործում
Հայաստանի կարգավիճակի և դատարանին ներկայացրած պահանջների տեսնակյունից դրական գնահատական տվեց վճռին: Նա նշեց, որ դատարանի վճռով սահմանվեց՝ Եվրոպական դատարանը այն սուբյեկտը չի և իրավասու էլ չէ գնահատելու ցեղասպանության լինել-չլինելը:
«Այս առումով արձանագրում ենք, որ մենք մեր նպատակին հասանք։ Կարևոր էր նաև այն, որ եթե անգամ դատարանը ճանաչում է, որ Փերինչեքին դատապարտելը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար կոնվենցիայի խախտում է, դատարանը հստակ սահմանեց, որ ոչ միայն ցեղասպանությունը քրեականացնող օրենսդրությունը կոնվենցիային չի հակասում և այն ժխտելու համար քրեական պատասխանատվությունը պարտադիր է՝ ուղղակի սահմանելով, որ այդ դրույթները պետք է համապատասխանեն կոնվենցիային և օրենսդրությունը ճիշտ կիրառվի անձի նկատմամբ։ Այս դեպքում Փերինչեքին դատապարտելը համարվել է կոնվենցիայի խախտում ոչ թե այն պատճառով, որ Շվեյցարիայի օրենքն է հակասում կոնվենցիային, այլ Շվեյցարիայի տվյալ օրենքը սխալ է կիրառվել Փերինչեքի նկատմամբ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։