Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ ՀՖՖ անդամությունից հեռացվեցին 8 ակումբները․ պարզաբանում

06 Հուլիս, 2018 17:01
Ինչու՞ ՀՖՖ անդամությունից հեռացվեցին 8 ակումբները․ պարզաբանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հայտարարությամբ է հանդես եկել` ներկայացնելով ՀՖՖ անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը.

 «Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը:

 Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու միտում են հետապնդում:

 ՀՖՖ-ն իր գործունեության ամբողջ ընթացքում, իր իսկ կանոնադրության պահանջների կատարումն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև նույն կանոնադրությամբ սահմանված իր և իր անդամների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացման համար պարբերաբար ստիպված է լինում անդրադառնալ նաև իր անդամների հեռացման հարցին:

Դա նորություն չէ և նախկինում ևս անդամները, որոնք չեն կատարել իրենց կանոնադրական պարտականություները՝ նույնպես հեռացվել են ՀՖՖ կազմից:

Այս տարի անդամությունից հեռացվել են թվով 8 ակումբներ

 

1. «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն

2. «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն

3. «Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն

4. «Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն

5. «Միկա ՖԱ» ՀԿ-ն

6. «Ուլիս ՖԱ» ՀԿ-ն

7. «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-ն

8. «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն

 

Նշված ակումբներից առաջին չորսը՝ «Արմավիր ՖԱ» ՀԿ-ն, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ն,«Էստեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ն և «Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ն դադարեցրել են իրենց գործունեությունը և լուծարվել են դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին:

 

Նման պայմաններում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ իրենք այլևս չէին կարող շարունակել իրենց ՀՖՖ անդամությունը և նրանց անդամության դադարեցումը կրել է զուտ տեխնիկական բնութ:

 

«Միկա ՖԱ», «Ուլիս ՖԱ» և «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-երը, դադարացնելով իրենց ֆուտբոլային գործունեությունը, վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ որևէ կապ չեն պաշտպանել ՀՖՖ-ի հետ, անդամավճարի մասով կուտակել են երկար տարիների պարտքեր, որոնք ՀՖՖ բազմաթիվ պահանջներից հետո չեն վճարվել։

 

Ավելին, «Միկա» և «Ուլիս» ակումբներն անգամ պատվիրակներ չեն ներկայացնել ՀՖՖ նախորդ ժողովներին: Ինչ վերաբերում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամության անմիջապես կասեցման և միաժամանակ անդամությունից հեռացման առաջարկին, ապա դա եղել է հարկադրված քայլ, որի համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ Կանոնադրությանների և Կանոնակարգերի բազմակի, կոպիտ և գիտակցված խախտումները:

 

Մասնավորապես, նշված ակումբն իր առջև դնելով ամեն գնով չեմպիոն դառնալու նպատակը, թույլ է տվել, որ իր պաշտոնատար անձը ներգրավվի պայմանավորված խաղի կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ՀՖՖ կարգապահական մարմինների կողմից կայացված որոշումների դեմ Սպորտային Արբիտրաժային դատարան սահմանված կարգով բողոք ներկայացնելու փոխարեն՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացվել են հայցեր ընդհանուր իրավասության դատարաններ:

 

Դրանով և գիտակցաբար՝ ակումբն ըստ էության ակնկալիք է ունեցել և նախաձեռնել է ՀՖՖ ներքին գործերին պետության կողմից միջամտության գործընթացը, շատ լավ հասկանալով, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է և կարող է կործանարար հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ ցանկացած նման տեսակի պետական միջամտություն կարող է պատճառ հանդիսանալ ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին որակազրկելուն։

 

Բոլոր նրանք, ովքեր հետևում եմ ԶԼՄ-ների հրապարակումներին, կհաստատեն այն, որ «Շիրակ ՖԱ»-ն նախաձեռնել է նաև ՀՖՖ հեղինակության և իմիջի դեմ ուղղված սև PR –ի գործընթաց, որի միակ նպատակը եղել է իրենց կողմից կատարված արարքից հանրության ուշադրության շեղումը, ինչպես նաև բոլոր հնարավոր մեղադրանքների սլաքը դեպի ՀՖՖ ուղղումը։

 

Այսպիսով՝ «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի կողմից խախտվել են ՀՖՖ կանոնադրության 6-րդ գլխի 2-րդ կետով սահմանված անդամի պարտականությունների գերակշիռ մասը, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացման համար»,- ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին