Կարևոր իրադարձություններ

Նրանք կհայտնվեն վերջին պահին՝ չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ». «Հրապարակ»

05 Ապրիլ, 2018 09:25
Նրանք կհայտնվեն վերջին պահին՝ չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության ճակատում» սկսել են թերահավատորեն վերաբերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համագործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին եւ համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանապարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկներով։ Խնդրո առարկան բռնություն չկիրառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, դրանից օրեր առաջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հանուն Հայաստան պետության ճակատը» նրան վստահեցրել է, որ մարտի 30-ի հանրահավաքում հարթակից կհնչեցնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը։

«Այդպես էլ եղավ, հանրահավաքի ժամանակ ասացինք, որ մենք դեմ ենք բռնությանը, որ բռնություն կիրառողն իշխանությունն է»,- ասաց մեր աղբյուրը։

«Սակայն 1 օր անց Փաշինյանը հայտարարեց, թե տարբեր հայտարարություններ են հնչում։ Իսկ հիմա էլ նոր պահանջ են առաջ քաշում, թե բռնությանը բռնությամբ չպիտի պատասխանենք։ Սա արդեն մանկական խաղ է հիշեցնում»։ Այդուհանդերձ, ճակատում դեռ չեն հանձնվում եւ կշարունակեն բանակցությունները «ՔՊ»-ի հետ, քանի որ կարծում են՝ միայն համատեղ պայքարով է հնարավոր ժողովրդին ոտքի հանել․ «Անջատ գործելը, չմիավորվելը ձեռնտու են միայն իշխանություններին»։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ բանակցություններ են ընթացել «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ, շատերն են համաձայնել Սերժ Սարգսյանի դեմ համատեղ պայքարին, բայց չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»․ երբ իրավիճակը թեժանա, կհայտնեն իրենց աջակցության մասին։ Իսկ ապրիլի 9-ին ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին