Կարևոր իրադարձություններ

«Էրգրի համի հիշողություն» ավանդական ուտեստի փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին

14 Հոկտեմբեր, 2015 21:16
«Էրգրի համի հիշողություն» ավանդական ուտեստի փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին

«Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում կանցկացնի «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, որի նպատակն է նաև նպաստել համայնքում  և տարածաշրջանում մշակ ութային կյանքի աշխուժացմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ կգտնեն ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում:

Փառատոնի ընթացքում մարզի 11 համայնքներ կներկայացնեն մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական, սիրված սննդատեսակներ, նաև  առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն: 

Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին կշնորհվեն մրցանակներ: Տոնական միջոցառման ընթացքում  ներկայացվելու են ազգային ավանդական երգեր և պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը, կտրվի տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

 

Լրահոս

Դիտել ավելին