Twitter-ը ողջ աշխարհում իր անձնակազմը կրճատում է 8 տոկոսով։ Միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է ավելի քան 330 աշխատակցի կրճատման մասին։ Կրճատման տակ հայտնվածների հիմնական մասը ծրագրավորողներ են։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հուլիսին ընկերությունը խոստովանել էր, որ օգտատերերի թվի միջին ամսական աճի տեմպերը նվազել են՝ հասնելով 2013-ի բորսային շուկա դուրս գալու ժամանակից ի վեր ամենացածր ցուցանիշին։
Կրճատումների մասին հայտարարությունը հնչել է մեկ շաբաթ անց այն բանից, երբ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին նշանակվել է գլխավոր տնօրեն։
Աշխատակիցներին հղված էլեկտրոնային նամակում Դորսին հայտնել էր, որ ընկերությունն առաջ կշարժվի ավելի կոմպակտ թիմով։
Twitter-ը ողջ աշխարհում ունի 35 գրասենյակ։ Անձնակազմի թվաքանակը վերջին երկու տարում ավելացել էր ավելի քան կրկնակի։