Սեպտեմբերի 25-ին վիրավորված և Ստեփանակերտի հոսպիտալից կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողներ Սաֆար Սաֆարյանի և Արկադի Մուրադյանի վիճակը շարունակում է նույնը մնալ:
Shabat.am-ը զրուցել է նրանց հարազատների հետ, ովքեր հայտնեցին, որ զինծառայողների վիճակում շատ մեծ փոփոխություն չկա:
«Սաֆարի փորի մասի կարերը քանդել են, մեջքինը դեռ ոչ: Դեռ դժվարանում է, չի կարողանում քայլել, առանձնապես փոփոխություններ չկա: Խոսում է, դեպքից ամեն ինչից էլ հիշում է, պատմում է, որ այն պահին, երբ դեպքը եղել է, ինքը բոռձյուռին նստած է եղել»,-պատմեց Սաֆար Սաֆարյանի քույրը՝ Սյուզի Սաֆարյանը:
Չնայած, որ զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրան երկարատև բուժում է դեռ հարկավոր, նա դժվարանում է կանգնել, ցավեր ունի:
Նշենք, որ Սաֆար Սաֆարյանը վիրավորվել էր ոտքի ու մեջքից կոնքի հատվածում, նա ենթարկվել էր վիահատության, նրա փոքր կոնքից բեկորները հեռացվել էին:
Վիրավորված մեկ այլ զինծառայող Արկադի Մուրադյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:
Նրա մայրը՝ տկն. Հայկուշը մեզ փոխանցեց, որ որդին դեռևս վիրահատության չի ենթարկվել:
«Արկադիի վիճակը նորմալ է, ցավեր ունի թևի մասում, կախ գցելուց ցավում է, դեռ վիրահատության չեն պատրաստում, պետք է արյունը կարգավորվի: Խոսում է, բայց դժվարությամբ, դյուրագրգիռ է, ջղայնանում է խոսելուց»,-ասաց մայրը:
Արկադի Մուրադյանը վիրավորում էր ստացել աջ թևի հատվածում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Արցախում վիրավորված զինծառայողներից յոթը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ
Ավելի վաղ հայտել էինք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր: