Կարևոր իրադարձություններ

Իգդիր քաղաքի հայատառ ցուցանակը քանդել են

14 Հոկտեմբեր, 2015 10:06
Իգդիր քաղաքի հայատառ ցուցանակը քանդել են

Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից: Նույն օրերին Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը այդ մասին խոսելիս հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը եւ նշել, որ «Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ... այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով»: Այս ամբողջը կուլ չտվին պանթուրքական կազմակերպությունները եւ ինչպես տեղեկացնում էր թուրքական «Hurriyet»-ը, ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունն ու թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպությունը համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել: Հիշյալ կազմակերպությունները հանդես են եկել հակահայկական մի շարք հայտարարություններով եւ պահաջել են վերացնել հայերեն գրությունները: Ըստ «Hurriyet»-ի «Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղըն մասնավորապես ասել է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ է եւ մեր կարծիքով՝ այս գործում հայերի մատը խառն է»: «Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»,- վերջում ազդարարել էր Աքիֆ Նաղըն եւ թուրքական կառավարությանը կոչ արել համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Եվ ըստ երեւույթի չուշացավ պատասխանը, այնպես որ երեկ գիշեր «անհայտ ձեռքեր» այլակերպեցին հայերեն գրությունները եւ նույն ժամանակ քաղաքում ձերբակալվեցին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղական ղեկավարները: Իհարկե, քաղաքապետարանից ձայներ են լսվում, որ շուտով ցուցատախտակը վերանորոգվելու է:

 

Լրահոս

Դիտել ավելին