ՏՏ ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր: Այս մասին այսօր «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ «ԱրմԹեք-2015»-ն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն աջակցում է ՏՏ ոլորտին արդեն իսկ կարևոր նախադրյալ է: «Այս քայլով Կառավարությունը փաստացի հարկային արտոնություններ է տալիս նորաստեղծ ընկերություններին: Եթե ընդհանուր նայենք, ոլորտում մի քանի դրական բաներ կան, առաջինը՝ Հայաստանը սկսում է դառնալ արտադրող պետություն»,-այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետի խոսքով, Հայաստանը դարձել է բավականին լուրջ արտադրող երկիր, և քիչ-քիչ ոլորտն ամրապնդվում է այդ տեսանկյունից: «Սա այն ոլորտն է, որտեղ պետությունը գործ չունի, բացի ձեռք չտալուց: Սա այն ոլորտն է, որտեղ պետությունը պետք է միայն արտոնություններ տա, ու բարեբախտաբար դա ինչ-որ չափով արվում է: Ավելի հետաքրքիր բաներ էլ կարող է անել՝ արտոնություններ տալ ներդնողներին՝ որպեսզի ավելի լուրջ կապիտալներ ներգրավեն»,-նշեց Մարտիրոսյան ու հավելեց, որ պետք չէ սպասել միայն պետական աջակցության: Իսկ այն հարցին, թե ստեղծված 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղերի համար կա ՞ն արդյոք այդքան որակյալ մասնագետներ, փորձագետը նկատեց, որ միջին միջազգային շուկայում մեր մասնագետները որոկյալ են, բայց՝ քիչ: «Մի բան ակնհայտ է, որ այս ոլորտում մեծ պահանջարկ կա, և մասնագետների պակաս կա: Այդ խնդիրն ամբողջ աշխարհում է: ՏՏ ոլորտն ավելի արագ է զարգանում, քան կրթական ոլորտը հասցնում է տրամադրել ու պատրաստել մասնագետների»-ասաց Սամվել Մարտիրոսյանը: