Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» հարցազրույցների շարքը: Այս շաբաթ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
-Դանիել, որևէ պահի փոշմանե՞լ եք, որ սևացրեցիք և վարկաբեկեցիք 114 կրթօջախի տնօրենների:
-Սարսափել եմ արդեն, երեխաները ոնց են ասում՝ էլ չեմ անի տենց բան (ծիծաղում է): Իհարկե չեմ փոշմանել, ընդհակառակը: Երևի հրապարակելիս չէինք պատկերացնում, թե ինչքան լուրջ բան ենք հրապարակում, այսինքն, պատկերացնում էինք, որ լուրջ է, բայց ոչ այդքան: Եթե հիմա ձեռքներիս տակ կրկին նման բան լինի, ավելի մեծ եռանդով կփորփրենք և կհրապարակենք:
-Ձեր ՀԿ-ի կողմից ձայնագրության հրապարակումից հետո Ձեր կամ Ձեր մտերիմների հասցեին սպառնալիքներ հնչե՞լ են:
-Սպառնալիքներ որպես այդպիսին՝ ոչ, բայց հենց հաջորդ օրը թերթերից մեկը հրապարակեց մեր ընտանիքին վերաբերող բավականին հին արխիվային նյութեր, որը երևի ոստիկանությունից կամ Քննչական կոմիտեից էին վերցրել: Չեմ ասի, որ հաճելի էր, պարզապես դա առաջին մեսսիջն էր, որ ցույց տվեց՝ լուրջ բան ենք հրապարակել, եթե արդեն իշխանությունների կողմից այդօրինակ պատասխան է գալիս:
-114 տնօրեններից որևէ մեկին ճանաչե՞լ եք, կար նրանց մեջ այն դպրոցի տնօրենը, կամ այն դպրոցը, որը Դուք ավարտել եք :
-Ցավոք սրտի այն դպրոցը, որը ես ավարտել եմ, դա Մռավյանի անվան դպրոցն էր, արդեն վաղուց փակվել է: Իսկապես լավ դպրոց էր: Այդ ցանկում չկար նաև այն դպրոցը, որտեղ աշխատել եմ ժամանակին, որովհետև դա մասնավոր դպրոց էր: Բայց ասեմ, որ այդ դպրոցները, ուր զանգահարել էինք ընտրել էինք պատահաբար: Այսինքն, չենք մտածել, որ սա Հանրապետական է, իրեն զանգենք, իսկ սա գիտենք որ ընդդիմադիր է, չզանգենք, ոչ: Վերցնում էինք օրինակ Արաբկիր վարչական շրջանը և տղաները սկսում էին հերթով զանգահարել: Միակ բանը, որ բացառեցինք, մասնավոր դպրոցներն էին, որովհետև դրանք մասնավոր կառույցներ են և հանրային չեն, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը ենթադրում է, որ հանրության միջոցները և հնարավորություններն օգտագործվում են մի կուսակցության համար:
- Ձեր բացահայտումներից հետո ժողովուրդը կրկին ընտրեց Հանրապետականին: Սա Ձեզ չի՞ հիասթափեցնում: Զու՞ր չէր Ձեր այդքան չարչարանքը:
-Իրականում մեր աշխատանքն ուղղված չէր նրան, որ մարդիկ ընտրեն կամ չընտրեն այս կամ այն կուսակցությանը: Մենք որպես քաղաքացի ունենք մեր քաղաքական նախապատվությունները, բայց մեր թիմն անկուսակցական թիմ է, այստեղ 4 տարբեր կուսակցությունների ընտրած մարդիկ կան: Մեր խնդիրն էր հանրությանը ցույց տալ, թե ինչպես է հավաքագրվում էլեկտորատը Հանրապետական կուսակցության կողմից: Սա ոչ թե քարոզչական, այլ լրագրողական աշխատանք էր: Մենք ուզում էինք ցույց տալ, որ ընտրությունների ժամանակ Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն, մեկը գեղեցիկ կերպով երևում է հեռուստատեսությամբ, երբ փողկապներով, գեղեցիկ, Կարեն Կարապետյանով, Արփինե Հովհաննիսյանով գնում, խոսում են Հայաստանի ապագայի մասին: Երկրորդն այն իրական իրականությունն է, թե ինչպես է հավաքվում էլեկտորատը, այդ 49 տոկոսի մի զգալի մասը:
- Այդ դպրոցի տնօրեններից ոմանք Ձեր դեմ դատական հայց են հարուցել, դուք այդքան գումար ունե՞ք, որ վճարեք 30 տնօրենների 2-ական միլիոն դրամ, եթե նրանք հաղթեն:
-Ես հիմա փորձում եմ 60 միլիոնի մանր գտնեմ, որ վճարեմ (ծիծաղում է)… Նրանք ասում են, որ մենք իրենց զրպարտել ենք, բայց զրպարտության անբաժանելի բաղադրիչը սուտն է: Զրպարտությունն այն սուտ տեղեկությունն է, որն ինչ-որ մեկի բարի համբավը արատավորելու նպատակ ունի: Եթե քո ասածի մեջ սուտ չկա, ապա դա կարող է կոչվել ինչ ասես, բայց ոչ զրպարտություն: Մեր հրապարակման մեջ դպրոցների տնօրեններին վերաբերող ո՞րն է սուտը: Ի՞նչ ենք ասել, որը նրանք վիճարկում են, թե դա այդպես չէ: Ինչ կար, դա ենք ասել: Նրանք չեն վիճարկում, որ նրանք դա ասել են: Նրանք ասում են՝ մեզ մեղադրում եք, որ մենք վարչական ռեսուրս ենք չարաշահել, սակայն նման բան չենք արել, քանի որ այդ ամենով զբաղվել ենք աշխատանքային ժամերից հետո: Մենք բոլոր զանգերը կատարել ենք միայն աշխատանքային ժամին, նրանց աշխատանքային հեռախոսահամարներին: Երբ ցուցակի վերաբերյալ հարց էինք տալիս, բոլորն իրենց ձեռքի տակ ունեին ցուցակները՝ կարևոր չէ թղթային տարբերակով, թե՞ համակարգչում: Սակայն այս ամենը մի կողմ դնենք և անդրադառնանք զուտ վարչական ռեսուրսի սահմանման աղավաղմանը: Պատկերացրեք դպրոցի տնօրեն, որը աշխատանքային ժամից հետո, ենթադրենք կիրակի օրը, երեկոյան ժամը 21.00-ին կանչում է իր աշխատողներից մեկին և ասում՝ եթե այս մարդուն չընտրես, քեզ աշխատանքից կհանեմ: Սա վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահում է, բայց աշխատանքային ժամից դուրս: Կապել աշխատանքային ժամը վարչական ռեսուրսի չարաշահման հետ անմիտ է:
Այս հրապարակումը 114 տնօրենների մասին չէր, այլ՝ վարչական ռեսուրսի չարաշահման մի ամբողջ բուրգի: Մենք դպրոցի տնօրենների հասցեին որևէ բան չենք էլ ասել, միայն մեկի հետ կապված ասել ենք, որ նա ընդունել է, որ մարդկանց վախեցնում է, կարծեմ Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենն էր: Մյուսների մասին մենք ասել ենք, որ Հանրապետական կուսակցությունն է չարաշահում վարչական ռեսուրսը, ոչ թե դպրոցի տնօրենները: Եթե Հանրապետականը գտնում է, որ մենք իրենց անտեղի ենք մեղադրում վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ, թող գնա և դատի տա, դատարանում պարզենք ՝ չարաշահել է, թե՞ ոչ:
Վստահ եմ, որ այս դպրոցի տնօրեններն իրենց կամքով չեն Հանրապետական, մթնոլորտն այնպիսին է, որ եթե ես էլ դպրոցի տնօրեն լինեի, գուցե ես էլ ստիպված Հանրապետական դառնայի, որովհետև երբ պատկան մարմինները բյուջետային ֆինանսավորում են հատկացնում դպրոցներին: Ինչ-որ ծրագրերում կարող են ներառել, օրինակ՝ դպրոցի տանիքի գումարը վճարեն, տնօրենները ստիպված պետք է այնպես անեն, որ «վերևների» հետ լավ լինեն:
- Մեր այսօրվա դատական համակարգի պարագայում դուք գոնե մի փոքր շանս ունեք չպարտվել այդ 30 իշխանական տնօրեններին:
-Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն 60 մլն դրամ, այլև՝ 60 լումա էլ ոչ մեկին չենք վճարելու: Իհարկե, Հայաստանում դատարանների անկախության խնդիր կա, բայց չեմ կարծում, որ երկրի իշխանությունները դատարաններին կասեն՝ անպայման, ի հեճուկս օրենքի կայացնեն այս հայցերը բավարարող որոշում, որովհետև նման դեպքում իշխանությունները լուրջ խնդիր կունենան՝ միջազգային հանրության և հանրային կարծիքի հետ: Անգամ, եթե հայցը բավարարվի, մենք բողոքարկելու ենք մինչև Ստրանսբուրգ, այսինքն ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, բայց եթե դատարանները նման որոշում կայացնեն լուրջ խնդիր կլինի իշխանությունների համար:
Հասարակությունը ցույց տվեց, որ անգամ հայց ներկայացնելը սխալ էր: Շատերն ասում են՝ դրամահավաք իրականացնենք, բայց բոլորին ասում ենք, որ հուսով ենք դրա կարիքը չի լինելու: Միջազգային հանրության արձագանքից իշխանությունները հասկացան, որ պետք չէր դատական հայց ներկայացնել: Եվ վերջապես՝ մարդիկ հազիվ մոռացել էին այս պատմության մասին, իսկ հիմա այս պատմությունը եկավ օրակարգի առաջին հորիզոնական: Կարծում եմ, որ սա ինչ-որ մեկի վատ միտքն էր:
- «ԵԼՔ» դաշինքը գոհ էր ընտրությունների արդյունքներից, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները:
-Հաշվի առնելով մի քանի հիմնական հանգամանք՝ վարչական ռեսուրսի լայն չարաշահում, ընտրակաշառքի կիրառում, շատ տեղամասերում ընտրողները չեն կարողացել ինքնուրույն, միայնակ քվեարկել: Այս համադրությունը մեզ հիմք է տալիս բարձրաձայնելու, որ ընտրություններն ազատ և արդար չեն եղել: Եթե ես քվեախցիկում պատրաստվում եմ ընտրություն կատարել, և ինչ-որ մեկը ցանկանում է տեսնել, ես միևնույն է հանգիստ կարող եմ քվեարկել, քանի որ չեմ մտածում, որ գործատուն ինձ կհեռացնի աշխատանքից, բայց շատ մարդիկ չեն կարող այդպես անել, որովհետև կկորցնեն իրենց աշխատանքը, տարբեր լծակներ կկիրառեն, կվախեցնեն, որ ինչ-որ ձև կարող են իմանալ, թե ում է քվեարկել տվյալ անձը:
Հիմա պատկերացրեք ՍԱՍ գրուպի աշխատակիցներից մեկը գրանցված է Արաբկիրում, և ջրի երես դուրս գա, որ ինքը չի քվեարկել ՍԱՍ-ի Արտակի օգտին, աշխատանքից ազատելը երաշխավորված է:
Ընտրությունների ժամանակ մեր կողմից գոնե չի արձանագրվել լցոնման դեպքեր, բայց եթե այդ լցոնումները չեն եղել, մարդիկ կարծում են, որ ընտրությունները չեն կեղծվել: Մեր դիտարկած տեղամասերից 18%-ի դիտորդները տեսել են, որ ծրարի մեջ ինչ-որ հատուկ կոդեր են եղել, որոնք բացահայտել են ընտրողին: Տեղամասերում մեր դիտորդները նկատել են գունավոր գրիչներ, քվեախցիկ մտնող այլ անձանց, քվեախցիկից դուրս են եկել և նոր են իրենց թուղթը դրել ծրարի մեջ: Չասեմ այն օգնողների ինստիտուտի մասին: Ընտրատեղամասում, որտեղ 1000 ընտրող է, 100-ից ավելին քվեարկում են օգնողների միջոցով, էդ մեր երկրում առողջապահության վիճակն էդքա՞ն վատ է: Առողջապահության նախարարությունն իմ աչքի լույսը չի, բայց առողջապահության վիճակն այդքան վատը չի էլի, որ մեր երկրի 10%-ը չկարողանան ինքուրույն մի նշան դնեն:
Ես հակված եմ մտածել, որ այն ուժերը, որոնք ասում են՝ ընտրությունները կեղծված չի, կամ այս ամենը հաշվի չեն առնում, կամ՝ ասում են այլ բան, քան իրենց մտացածը:
- Ճիշտ է, որ Ձեր թիկունքին կանգնած է Ամերիակայի դեսպանը:
-Չէ: Իրականում մենք թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ դեսպանների հետ համագործակցում ենք որոշ հարցերում և դա գաղտնիք չէ: Մենք համագործակցության առաջարկներ ուղարկել ենք նաև այլ երկրների դեսպաններին՝ ՌԴ, Իրան: Արտաքին քաղաքականության վերաբերյալ միջոցառումների ժամանակ մենք հրավեր ուղարկել էինք՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան,ԵՄ-ի դեսպաններին, բայց եկել էին ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները: Հիմա ես մեղավոր չեմ, բայց ամենայն ազնվության եմ ասում ՌԴ դեսպանին միշտ հրավիրել ենք մեր միջոցառումներին և իրոք կցանկանայինք, որ իրենք գային: Բայց ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայտարարել է, որ Իրազեկ քաղաքացիների միավորմանը չեն սիրում, և չեն գալիս մեր միջոցառումներին, ներեցեք, ես մեղավոր չեմ:
- Երեկ լուսանկար հրապարակվեց, որ Ձեզ հետ հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանը: Այդ հանդիպումը Ձեզ դուխ տալու՞ համար էր:
-Արևմտյան երկրների դեսպաններն իրենք ավանդույթ ունեն հանդիպելու քաղհասարակության հետ՝ մտքերի փոխանակություն անելու, դա պարբերաբար տեղի է ունենում, բայց այդտեղ այլ ՀԿ-ի ներկայացուցիչներ էլ կային: Ցավալի է, որ մենք ավելի շատ հանդիպում ենք արևմտյան դեսպանների հետ, քան մեր իշխանությունների: Խնդիրն այստեղ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի դեսպանները չեն, այլ Հայաստանի իշխանություններն են, որ իրենց չի հետաքրքրում քաղհասարակության տեակետը: Ինձ համար ցավալի է, որ ԵՄ դեսպանին ավելի շատ է հետաքրքրում քաղհասարակության տեսակետը, քան ՀՀ իշխանություններին:
- Եթե ստիպված լինեք վճարել այդ տնօրենների ուզած միլիոնները ինչ եք կարծում, Ձեզ ռեալ օգնողներ կլինեն, թե բոլորը միայն Facebook-ում գրառումներ և հայտարարություններ անելուց են լավ:
-Վստահ եմ, որ գործը չի հասնելու 60 մլն վճարելուն, բայց ես նաև շատ բարձր կարծիքի եմ մեր հասարակության գոնե ծանրակշիռ մասի վերաբերյալ: 2009թ.-ին, երբ հեռուստաընկերություններից մեկին տուգանեցին 27մլն դրամով այդ գումարը բավականին արագ, դրամահավաքի միջոցով հավաքվեց: Ես հիմա չեմ ասի, որ այդ 60 մլն դրամն ունեմ, բայց միաժամանակ հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի:
- Հնարավոր է, որ այս ամենն արել եք ոչ թե հանուն արդար ընտրությունների, այլ որպեսզի վերջում արևմտյան երկրում կարողանանք ապաստան ստանալ:
-Ափսոս անձնագիրս մոտս չէ, որ ցույց տայի մուտքի վիզաս, որը ստացել եմ շատ վաղուց: Քաղաքական ապաստարան ուզելու խնդիր չունենք, եթե ապաստարան պետք լիներ, պարտադիր չէ, որ այսպիսի աշխատանք կատարես, որ քեզ ապաստարան տան: Փորձը ցույց է տալիս, որ գոնե քաղհասարակության և ընդդիմության ակտիվ ներկայացուցիչները, երբ հայտնվում են իշխանության թիրախում, չենք գնում քաղաքական ապաստարան ուզելու: Եթե երկրից արտագաղթելու լինեի, կօգտագործեի շատ այլ հնարավորություններ:
-Ավագանու ընտրություններին ընդառաջ նոր անակնկալ պատրաստե՞լ եք հասարակության համար:
-Տնօրենների ձայնագրությունների անակնկալը իրականում մենք մի քանի ոչ ավանդական ուղղությամբ էինք փորձում հետազոտություն անել, դրանցից մեկը ստացվեց, հիմա ինչը կստացվի, ինչը՝ ոչ, դժվար է ասել: Այս մեթոդն այլևս չենք օգտագործի, քանի որ դպրոցի տնօրեններն արդեն գիտեն: Չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ նոր բան կլինի:
Հեղինակ՝ Մարիամ Մելքումյան
Լուսանկարները՝ Խաչիկ Էլլոյանի