Կարևոր իրադարձություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները մեր երկրում պահանջված են. ՀՀ նախագահ

12 Հոկտեմբեր, 2015 18:41
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները մեր երկրում պահանջված են. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 28 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին արժանացել են 366 ուսանող եւ աշակերտ:

Պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ Նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաեւ «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանը, ով եւս շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել մրցանակակիրներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողության ժամանակ

«Նախ եւ առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին եւ աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ: Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է: Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգեւ էլ ստանալու: Դա մեր հայրենակից պարոն Վահե Թորոսյանի՝ այս ոլորտում շատ մեծ հաջողությունների հասած անհատի հետ անկաշկանդ շփվելու հնարավորությունն է: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում լիարժեք օգտվել նաեւ այս հնարավորությունից:

Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության հանձնաժողովին՝ պատասխանատու եւ ծավալուն աշխատանք կատարելու համար: Հավատում եմ, որ պարգեւատրվում են ամենաարժանավորները: Տասնմեկ տարի առաջ հիմնված այս պարգեւներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարեւոր քայլ: Տարեցտարի մենք տեսնում ենք այս ոլորտում որդեգրած մեր քաղաքականության դրական արդյունքները: Տեսնում ենք մեր ընտրության ճշմարտացիության եւ հեռանկարի ապացույցները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաեւ, որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով: Այսօր Վահեի հետ խոսելիս, մենք նշեցինք, որ այս ոլորտում կադրերի շատ մեծ պահանջարկ կա, եւ ոլորտի զարգացման կարեւորագույն պայմանը այդպիսի կադրերի ուսուցումն է: Մենք, իհարկե, նոր թափ ենք հաղորդելու այս գործընթացին: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ մենք ունենք հնարավորություններ, որոնք բխում են նախ՝ մեր կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոչ միայն մեր ցանկությունից, այլ նաեւ արդեն գործողություններից, եւ բնական է նաեւ դպրոցից դուրս այն հնարավորություններից, որ մեզ տալիս է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն ասեմ, թե՞ ասեմ՝ գերազանցության կենտրոն, համենայնդեպս, կենտրոն, որտեղ ստանում են գիտելիք, հաճույքով զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է եւ պետք է դառնա մեր տնտեսության կարեւոր մաս, մեր տնտեսական զարգացման կարեւոր խթան:

Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ: Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձեւավորում են հասարակության որոշակի շերտ: Սա մտավորականության՝ 21-րդ դարին բնորոշ նոր խավ է: Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու քաղաքակրթական կարեւոր ցուցանիշ է: Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին: Նրանք առաջ են քաշում կրթության եւ առողջապահության նկատմամբ ավելի բարձր պահանջներ՝ միաժամանակ ներկայացնելով ծրագրեր եւ առաջարկություններ: Նրանք առաջ են քաշում նաեւ քաղաքական ու տնտեսական ազատությունների ավելի բարձր մակարդակ ապահովելու պահանջներ: Եվ դա օրինաչափ է: Սա առաջընթացի ճանապարհ է, եւ մեր դեպքում, հենց սա՛ է միայն առաջընթացի ճանապարհը:

Շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս, սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս հաջողության կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին