Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետութեան մշակոյթի նախարարին

12 Հոկտեմբեր, 2015 15:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետութեան մշակոյթի նախարարին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետութեան մշակոյթի նախարար Ռոնի Արայջիին` ուղեկցութեամբ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան Մաքարոնի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց նախարարին` գոհունակութեամբ ընդգծելով այն սերտ համագործակցութիւնը, որ մշտապէս առկայ է Լիբանանի եւ Հայաստանի միջեւ: Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց նաեւ Լիբանանի իշխանութիւնների եւ ժողովրդի կողմից հայկական համայնքի հանդէպ ցուցաբերուող հոգածու վերաբերմունքը, որով եւս մէկ անգամ յատկանշւում է երկու բարեկամ ժողովուրդների դարաւոր եղբայրական ոգին:

Իր հերթին մշակոյթի նախարարն ընդգծեց, որ մեծ պատրաստակամութեամբ եւ սիրով է համագործակցում հայ համայնքի հետ: Պրն. Արայջին անդրադարձաւ նաեւ Լիբանանի մշակութային կեանքում հայկական համայնքի բերած կարեւոր ներդրմանը:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Լիբանանի մշակոյթի նախարարը մտահոգութեամբ անդրադարձան Մերձաւոր Արեւելքում տիրող ծանր կացութեանը: Այս առիթով Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Ամենակալ Աստծու ողորմութեամբ խաղաղութիւնը վերահաստատուի տարածաշրջանում եւ մարդիկ շարունակեն ապրել իրենց խաղաղ ու անվրդով կեանքով:

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

 

Լրահոս

Դիտել ավելին