Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը, բացի իմ քրոջ ամուսինը լինելուց, առաջին հերթին իմ մանկության ընկերն է. նրա զավակներն ինձ քեռի են ասում . Հարցազրույց Ռոբերտ Սարգսյանի հետ

26 Փետրվար, 2017 15:09
Տարոն Մարգարյանը, բացի իմ քրոջ ամուսինը լինելուց, առաջին հերթին իմ մանկության ընկերն է. նրա զավակներն ինձ քեռի են ասում . Հարցազրույց Ռոբերտ Սարգսյանի հետ

Shabat.am-ի զրուցակիցը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ռոբերտ Սարգսյանն է: 

-Պարո՛ն Սարգսյան, 2012թ.-ից Ազգային ժողովում պատգամավոր եք ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: Կպատմեք, թե այս ընթացքում Ձեր նախաձեռնությամբ կամ Ձեր կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել` իրենց ձայնը ձեզ վստահած քաղաքացիներին օգնելու ուղղությամբ:

-Նախաձեռնություններն ավելի շատ եղել են ոչ թե Ազգային ժողովում, այլ` դրսում, բնակիչների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ ընդունելություններ, բակային միջոցառումներ, կատարվել են տարաբնույթ աշխատանքներ, որին անմիջական մասնակցություն եմ ունեցել: Ժողովրդի հետ շփումն ամենօրյա է, նույնիսկ` ամենժամյա: Իրականում դա ավելի բարդ է, քան ԱԺ-ում ինչ-որ օրենքի նախագծով հանդես գալը: Քաղաքացիները գլոբալ հարցերով չեն դիմում, որ ես դրանք ներկայացնեմ Ազգային ժողովին: Նրանց հուզում է առաջին հերթին իրենց կենցաղային ամենօրյա խնդիրներն ու հոգսերը, ես էլ իմ հերթին փորձում եմ միշտ լսել ու օգտակար լինել:

-Լրագրողների կողմից հաճախ կարծիք է հնչում, որ Դուք  ամենաքչախոս պատգամավորն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

- Երբեմն ինձ ասում են՝ Ազգային ժողովում ելույթ չեմ ունենում, քչախոս եմ: Բոլոր այդպես խոսացողներին, կպատասխանեմ հետևյալ կերպ. ես գերադասում եմ աշխատել, հարցեր լուծել առանց ավելորդ խոսքերի:

Իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես միշտ մասնակցել եմ ԱԺ-ի արտահերթ և լիագումար նիստերին, ինչպես նաև`  հանձնաժողովի նիստերին ու քննարկումներին:
Իմ ամենօրյա աշխատանքը տեսել և զգացել է իմ ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող. և՛նրանք ովքեր ինձ ձայն են տվել, և՛ նրանք ովքեր ձայն են տվել ուրիշներին:

Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկ այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետևողական լինելու մեջ:

 

-Դուք ունե՞ք հակառակորդներ։ Ինչպե՞ս եք վերաբերվում մրցակցությանը քաղաքական դաշտում:

-Մեր հակառակորդը պետության տեսքով է՝  Ադրբեջանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում ես չեմ մրցակցում որևէ մեկի հետ, քանի որ  բոլորս նույն աշխատանքն ենք կատարում կուսակցության համար:

Մրցակիցներ, այո՛, կան. այն 8 քաղաքական ուժերի հետ ենք մրցելու, որոնց անունը Հանրապետական չէ: Կարծում եմ՝ քարոզարշավի ընթացքում, մեր անցած ճանապարհի գնահատականը ժողովուրդը կտա՝ անկախ մեր նկատմամբ հնչող քննադատություններից: Աշխատող մարդուն միշտ էլ քննադատում են: Ընտրապայքարի ժամանակ կերևա, թե ով ինչ է արել և ինչ է անելու ժողովրդի համար:

 -Թիվ 1 ընտրատարածքում, բացի  Ձեզնից ռեյտինգայինով առաջադրվել են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը: Նրանց մրցակից համարո՞ւմ եք:

- Ես Հանրապետականի ցուցակով առաջադրված ոչ մեկին իմ հակառակորդը չեմ համարում: Նման մոտեցումն իմ կողմից սկզբունքորեն անընդունելի է: Եթե պատկերավոր ներկայացնեմ, մենք ոնց որ նույն թիմի ֆուտբոլիստներ լինենք:Իսկ յուրաքանչյուր ֆուտբոլային թիմում նույնիսկ դարպասապահները ձգտում են գոլ խփել, լինել լավագույն ռմբարկուն: Իսկ արդյունքում շահում է թիմը, անկախ նրանից ով է եղել լավագույնը:

 Ձեր կողմից նշած բոլոր անձանց համարում եմ այն նույն գործը կատարողը, ինչ որ ես եմ անում: Լրատվամիջոցները շատ ժամանակ շրջանառում են լուրեր, թե մեր հարաբերությունները լարված են, սակայն պետք է ասեմ, որ թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ Ղուկաս Ուլիխանյանի հետ ունեմ ջերմ, ընկերական հարաբերություններ: Նրանց հետ չեմ մրցում, այլ մրցում եմ այլ քաղաքական ուժերի հետ:

-Ըստ մամուլի հրապարակումների՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի և Ձեր միջև ինչ որ ընդհարում է տեղի ունեցել, գրում են նույնիսկ ծեծկռտուք:  Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այս հարցին ես առիթ ունեցել եմ պատասխանելու մամուլում, ևս մեկ անգամ ասեմ, ես և Արայիկ Քոթանջյանն ընկերներ ենք: Այսքանով եզրափակեմ, որովհետև եթե ընկերներ ենք, չենք կարող այլ հարթությունում լինել: Մամուլում շատ բան կարող են գրել. մարդկային երևակայությունը սահմաններ չունի:

-Ձեր անունը հաճախ նաև կապվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Նորմալ է, որ կապում են քաղաքապետի հետ (ժպտում է)… Այդ հարցը շատ է շրջանառվում՝ Տարոն Մարգարյանը Ձեզ կաջակցի՞: Ասեմ, որ Տարոն Մարգարյանի պապիկը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի հայրը, մեր շենքում է ապրել: Այսինքն, ես Տարոն Մարգարյանին ճանաչում եմ դեռևս 13-14 տարեկանից,  և մենք միշտ շփման մեջ ենք եղել՝ անկախ մեր տարիքային տարբերությունից: Մենք նույն շենքում ենք ապրել, մինչև բարեկամանալը: Ես նրա հետ ընկերություն եմ արել, 1998 թ. մենք միասին մտել ենք կուսակցություն: Մինչև հիմա ընտրություններին միասին ենք քայլում, միասին քարոզարշավ իրականացնում: Տարոն Մարգարյանը, բացի իմ քրոջ ամուսինը լինելուց, առաջին հերթին իմ մանկության ընկերն է. նրա զավակներն ինձ քեռի են ասում: Այսքանը հերիք է, կարծում եմ, որ լրատվամիջոցներն այլևս չհարցնեն՝ նա ինձ աջակցելո՞ւ է, թե՞ ոչ:

՞վ է աշխատանքում և կյանքում Ձեր ամենամեծ խորհրդատուն, և ո՞վ է քննադատը:

-Ես ինքս իմ առաջին քննադատողն  ու ինձ խորհուրդներ տվողն եմ: Սովորաբար մարդն ինչ-որ վատ բան պետք է անի, առիթ պետք է տա, որ իրեն քննադատեն....Եթե ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը մի լավ բան է անում, դա արդեն իսկ խորհուրդ է ինձ համար, և ես կարող եմ դա ընդունել: Կարող եմ խորհուրդ քաղել իմ մտերիմիների պահվածքից,  խոսելաձևից, մարդկային վերաբերմունքից:

-Ի՞նչ է ընկերությունը Ձեզ համար:

Իմ համար և ընդհանրապես իմ շրջապատի համար ամենակարևոր արժեքներից է ընկերությունը: Բացեմ Ձեզ մի գաղտնիք, չնայած բոլորը գիտեն դրա մասին. մեր բոլոր հաջողությունների հիմքը ամուր, հավատարիմ ու անմնացորդ նվիրումով ընկերությունն է: Այդ ընկերության շուրջ էլ ձևավորվել է մեր թիմը:

 - Ձեր ընտանիքի անդամների համար հե՞շտ է լինել պաշտոնյայի ու հանրային մարդու կողքին: Ձեր կինը, երեխաները ինչպե՞ս են վերաբերվում Ձեր գործունեությանը:

-Կարծում եմ` դժվար կլիներ, եթե ես ներգրավված լինեի ինտրիգների մեջ: Ես իմ կենցաղում միշտ առաջնորդվել եմ համեստ ու հասարակ ապրելակերպով: Իմ համար թանկ է մեր շենքը, մեր հարևանները, մեր բակը, ամեն ինչ...:

Հայկական ավանդական ընտանիք ենք, ապրում ենք իմ հայրական տանը` Ավան թաղամասում: Մենք չենք առանձնացել մնացած մարդկանցից. մեզ էլ կարող են հարևանները «ջրել», մենք էլ իրենց, նույն վերելակից ենք օգտվում, բնակիչների հետ շփվում:
Պատգամավոր դառնալը ուժեղացրել է մարդու հանդեպ ուշադիր լինելու վերաբերմունքս. փորձում եմ ավելի ուղիղ, շիտակ լինել, որ շրջապատողները չասեն՝ «պատգամավոր դարձավ, գոռոզացավ»: Նույնն էլ վերաբերվում է իմ ընտանիքին, որովհետև նույն խորհուրդն էլ տալիս եմ երեխաներիս: Շենքի բնակիչը կարող է գալ, ընկերական մոտենալ, ասել՝ Ռո՛բ ջան, հետդ գործ ունեմ և վերջ:

 

-Որևէ կերպ մասնակցո՞ւմ եք երեխաների դաստիարակության գործին:

- Իմ համար ամենակարևոր արժեքներից  է ընտանիքը: Մարդ ինչպես վերաբերվում է իր ընտանիքին այնպես էլ պետք է վերաբերվի պետությանը ու մարդուն:

Այո՛, մասնակցում եմ՝ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ իմ վարքով: Երեխաները նայելով են սովորում:  

 

-Ո՞րն է կյանքում ամենամեծ նվերը Ձեզ համար:

-Ինձ համար մեծ նվեր է այն, որ ես հայ եմ: Իհարկե, ամենամեծ նվերը չորս որդիներս են:

-Ամենալավ խորհուրդը, որը երբևէ ստացել եք:

-Լինել բարի և մարդկային: Ես այդ խորհուրդն ընդունել եմ և դրանով էլ առաջնորդվում եմ: Երբեք չեմ չարանում, ինչքան էլ փորձեն ինձ չարացնել:

-Ունե՞ք կարգախոս կյանքում կամ աշխատանքում:

-Քիչ խոսել և շատ գործել:

 

Մարիամ Մելքումյան

Խաչիկ Էլլոյան

 

Լրահոս

Դիտել ավելին