Կարևոր իրադարձություններ

Հեղինե Բիշարյանը Վանաձորի քաղաքապետի հետ համբուրվելու հայտնի լուսանկարների և Սամվել Ալեքսանյանի դեմ դուրս գալու մասին

05 Փետրվար, 2017 21:48
Հեղինե Բիշարյանը Վանաձորի քաղաքապետի հետ համբուրվելու հայտնի լուսանկարների և Սամվել Ալեքսանյանի դեմ դուրս գալու մասին

 Shabat.am-ը վերսկսում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը այս անգամ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: 

-Տիկի՛ն Բիշարյան, արդեն իսկ ձևավորվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող  դաշինքները: «Հայկական վերածնունդ»-ը համագործակցու՞մ է քաղաքական այլ ուժերի հետ:

-Երևի թե չկան կուսակցություններ, որոնք այժմ համագործակցության վերաբերյալ բանակցություններ չեն վարում: Քննարկումներ ընթանում են քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ և ուժերում: Մենք ևս բացառություն չենք և ունենք որոշակի առաջարկություններ, որոնք դեռ քննարկվում են, հստակության դեպքում այդ մասին կբարձրաձայնենք:

-Հնարավո՞ր է իշխանության հետ համագործակցությունը:

-Բնականաբար նման խոսակցություն լինել չի կարող, իմաստը ո՞րն է, մենք գտնվում ենք տարբեր դաշտերում:Մենք մտնում ենք նախընտրական փուլ, որը բավականին դժվար գործընթաց է: Հիմա այն պահն է, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց հետ բանակցում են, որոշում՝ ինչ ֆորմատով գնալ ընտրությունների: Ձեր հարցն ավելի շատ վերաբերում է այն փուլին, որը տեղի կունենա ընտրություններից հետո: Բնականաբար մեր կուսակցությունը կունենա լրջագույն հաջողություն և իրական ազդեցություն՝ որոշումների կայացման վրա:

-Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո հասարակության մոտ կարծիք ձևավորվեց, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասին հանդես կգան խորհրդարանական ընտրություններին: Այդ թեմայով ուժերի միջև քննարկումներ եղե՞լ են:

-Նման քննարկումներ մեզանում չեն եղել: Նման խոսակցությունների տեղիք թերևս տվել է հանգամանքը, որ մենք համագործակցեցինք Վանաձորում քաղաքապետի ընտրության ժամանակ: Դրանից հետո այդ քաղաքական ուժերի հետագա համագործակցության վերաբերյալ բանակցություններ չեն եղել:

 -Դուք պատրաստվում եք առաջադրվել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այդ տարածքում սովորաբար իր թեկնածությունն է դրել նաև իշխող Հանրապետականի թեկնածու Սամվել Ալեքսանյանը: Ստացվում է՝ նրա դե՞մ եք պայքարելու:

-Այո, իսկապես առաջադրվելու եմ այդ տարածքում: Ընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ և անձ պայքարում է իր համար և ես գտնում եմ, որ լավ աշխատանքի արդյունքում ես կունենամ ինձ վստահված բավարար  ձայները: Այստեղ ես որևէ մեկի դեմ պայքարելու նպատակ չունեմ, ունեմ իմ հաջողությանը հասնելու ցանկություն:

-Համացանցում լայն տարածում գտավ Ձեր և Մամիկոն Ասլանյանի լուսանկարը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ի վերջո, Մամիկոն Ասլանյանը  Ձեր ականջին ինչ-որ բա՞ն է շշնջացել, թե՞ համբուրել է Ձեր այտը:

-Ո՛չ համբուրել է, ո՛չ էլ ինչ-որ բան շշնջացել (ժպտում է): Պարզապես միջանցքում շատ մարդիկ էին կանգնած և երբ ներսից հայտարարվեց, որ ձայների մեծամասնությունը Մամիկոն Ասլանյանինն է, դա նրա համար կա՛մ սպասելի էր, կա՛մ նրա ուրախությունն այնքան մեծ էր, որ նա անգամ չնկատեց, թե աջ և ձախ ում  հետ էր ողջագուրվում և իր ուրախությունն արտահայտում, ինչը ես իրականում նրա հետ չէի կիսում:

Քանի որ ինքը շատ հաղթանդամ անձնավորություն է ես ուղղակի կաշկանդվեցի՝ մտածելով, թե իմ հետ ի՞նչ գործ ունի, բայց ինքն առանց նկատելու ողջագուրվում էր բոլորին հետ և այդ պահը պարզապես արձանագրվել էր:Ես այդ օրը զայրացած վիճակում էի և փորձում էի պայքարել՝ արդարության համար:

-Դուք ձեր խմբակցության միակ կին պատգամավորն ու ղեկավարն եք՝ դժվար չէ՞ տղամարդկանց հետ աշխատել:

-Խմբակցությունում այո, միակ կինը ես եմ, բայց մեր կուսակցության շարքերում կանայք շատ են` գրեթե 60 տոկոս: Պարզապես բախտ չի վիճակվում այնքան քվեներ հավաքել, որ կանայք խմբակցությունում ավելի շատ լինեն:  Այս անգամ, սակայն  վստահ եմ, որ կունենանք ավելի շատ մանդատներ և այլ կանայք ևս կընդգրկվեն խմբակցությունում: 

-Ովքե՞ր են խորհրդարանի Ձեր գործընկերուհիները: Կին պատգամավորների հետ շփում ունե՞ք:

- Ես ընդհանրապես միշտ լավ հարաբերություններ եմ ունենցել գրեթե բոլոր կին պատգամավորների հետ: Գտնում եմ, որ կանայք պետք է միմյանց օգնեն, աջակցեն, առավել ևս խորհրդարանում, որտեղ փոքրամասնություն ենք կազմում: Խորհրդարանում չունեմ կին գործընկեր, որի հանդեպ ունենամ բացասական մոտեցում կամ չուզենամ հնարավորության դեպքում շփվել նրա հետ: Շատ լավ հարաբերություններ ունեմ Հերմինե Նաղդալյանի, Կարինե Աճեմյանի հետ ճամփորդել եմ, նորմալ հարաբերություններ ունեմ Նաիրա Զոհրաբյանի հետ, հաճախ միասին քաղաքական հարցեր ենք քննարկում: Շփվում եմ նաև Զարուհի Փոստանջյանի հետ, վերջերս պարզեցինք, որ մենք նույն վարսահարդարի մոտ ենք հաճախում...Կցանկանամ, որ Ազգային Ժողովում կանանց քանակն ավելանա: Կարծում եմ՝ դա միայն որակ կբերի:

-Շուրջ 13 տարի է զբաղվում եք քաղաքականությամբ: Երբևէ մտածե՞լ եք քաղաքականությունից հեռանալու մասին:

- 2003թ.-ից սկսեցի ավելի շատ շփվել քաղաքացիների հետ և հասկացա, որ նրանք ավելի շատ ունեն իմ կարիքը, ես էլ՝ իրենցը:  Շատ էի ոգևորվում, երբ նրանց խնդրիները պետք է բարձրաձայնեի, փորձեի աջակցել: Ինչ-որ չափով դա անշնորհակալ աշխատանք էր, քանի որ չես կարող բոլորի խնդիրները լուծել, բոլորի հարցերի պատասխանները տալ: Իրականում նշանակություն չունի՝ ընդդիմություն ես, թե իշխանություն, երբ աշխատում ես մարդկանց հետ և ուզում ես նրանց կյանքում ինչ-որ բան փոխել, պետք է օգնես: Անկախ նրանից թե այդ ժամանակ ինչպիսի քաղաքական հայացքներ ունես:  

Մի փոքր հիսթափություն եմ ունենում, երբ հետընտրական շրջանում պարզվում է, որ աշխատանքիդ գնահատականը չափվում է հավաքածդ ձայների քանակով: Այդ ժամանակ հիսթափություն են ապրում թե՛ քաղաքացիները, թե՛ այն գործիչներն, ովքեր ուզում են, որ քաղաքացիների կյանքում իսկապես ինչ-որ բան փոխվի: Կուզենայի, որ մեր ընտրողներն ավելի արժևորեին իրենց ձայնը, հասկանային, թե ինչն է վերջին շրջանում քաղաքական տարբեր ուժերի կողմից դրսևորվող արհեստական ակտիվության պատճառը, որն իրականում շատ կարճ է տևում: 

-Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգստյան օրերը:

-Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կարելի է ասել, հանգստյան օրեր չունեն: Այդպիսի է մեր աշխատանքը: Շաբաթ և կիրակի օրերը սովորաբար անցկացնում եմ կուսակցական աշխատանքներն իրականացնելով: Գրասենյակում մեր կառույցների, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպումներ և քննարկումներ ենք անցկացնում: Հանգստյան օրերին մեկնում եմ նաև մարզեր, որտեղ հանդիպում եմ ոչ միայն մեր կուսակիցների, այլև քաղաքացիներ հետ:

-Ինչո՞վ է զբաղվում Ձեր ամուսինը:

-Ամուսինս շինարար է, ինժեներ: Շատ է սիրում իր մասնագիտությունը: Նա հաճախ ոգևորությամբ կիսվում է օրվա ընթացքում արված աշխատանքների մասին: Ես շատ բան եմ նրանից սովորել շինարարության մասին (ժպտում է): Նա ապրում է իր մասնագիտությամբ, դա նրա տարերքն է, ինչի համար ես շատ ուրախ եմ: 

-Եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

- Կուզենայի ավելի շատ զավակներ ու թոռնիկներ ունենալ. ունեմ մեկ աղջիկ և մեկ տղա: Մարդու կյանքում ամենամեծ հարստությունը երեխաներն են:

-Հայաստանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում: Որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ հանդիպել:

-Ընդհանրապես սիրում եմ լինել մեր երկրի տարբեր վայրերում: Այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, որի բնաշխարհն ինձ գերել է: Սիրում եմ Սևանը: Երևի աշխատանքիս բնույթից է, որ շատ եմ հոգնում և փնտրում եմ հանգիստ անկյուն: Տանը իմ փոքրիկ, խաղաղ անկյունը ինձ համար լավագույն վայրն է:

-Ի՞նչը կամ ովքե՞ր կարող են Ձեզ նյարդայնացնել:

-Ստախոսությունը և անարդարությունը, որոնք անընդունելի են ինձ համար:

- Մանուկ հասակում ի՞նչ էիք երազում դառնալ:

-Երազում էի իրավաբան կամ դատավոր դառնալ: Ազգականներիս մեծ մասը բժիշկներ ու մանկավարժներ էին և խորհուրդ էին տալիս բժիշկ կամ մանկավարժ դառնալ: Ես ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը:

-Տիկի՛ն Բիշարյան, այժմ անցնենք մեր երեք մշտական հարցերին, որոնք ուղղում ենք մեր բոլոր հյուրերին:

Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:

-Անկեղծ ասած չեմ մտաբերում, երևի չեմ ապրել ամոթի մեծ զգացում: Կյանքում անշուշտ հնարավոր են դեպքեր, երբ ինչ-որ բաներից անհարմար ես զգում, սակայն այս պահին չեմ մտաբերում:

-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել և ստացել եք:

-Ամենամեծ նվերն ինձ համար իմ բալիկներ են: Երկրորդ նման նվերն ու հարստությունն իմ թոռնիկներն են: Իսկ ամենամեծ նվերը որ ստացել եմ, այն է, որ ես գնահատվել եմ: Իմ անցած քաղաքական ճանապարհի համար շնորհակալ եմ Արթուր Բաղդաարյանին, որն անաչառ կերպով է գնահատում կուսակցության անդամների աշխատանքը:

-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:

-Ինձ համար այդ հրաշքը, այդ կախարդական փայտիկի մասին երազանքը կապված էր թոռնուհուս ծնվելու հետ, որին մի քանի տարի անհամբեր սպասել եմ: Փառք Աստծո, թոռնիկս ծնվեց՝ մեր առաջնեկը, իսկ հետո ծնվեց մյուս թոռնիկս՝ Ալեքսս, որն արդեն մեկ տարեկան է:

Եթե կախարդական փայտիկ ունենայի մեր ժողովրդին սոցիալական արդարություն կբերեի, քանի որ այն այսօր գրեթե բացակայում  է մեր երկրում և մարդկանց սոցիալական վիճակը իսկապես շատ ծանր է: Կուզենայի, որ մեր երկրում որևէ մեկն իր վիճակից չամաչեր ու չնեղվեր և բոլոր ընտանիքներում անհոգությունը թևածեր: 

 

Նյութը պատրաստեցին՝

Մարիամ Մելքումյանը, Անուշ Մուրադյանը

Լուսանկարները՝

Խաչիկ Էլլոյանի

 

 

Լրահոս

Դիտել ավելին