Ճիշտ չեն այն ենթադրությունները, թե Գագիկ Ծառուկյանը իր խոստումը չի կատարել:
Այս մասին Shabat.am-ին ասաց ԱԺ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Լուսառատի բնակիչներից մեկի ասածներին, թե Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանը հրաժարվում է մթերել խաղողը, որովեհտև իրենք լուսառատցի են:
Գյուղացիներից մեկի խոսքով, հնարավոր է, որ գործարանը իրենց գյուղից խաղող չի մթերում այն պատճառով, որ իրենք փակել էին միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում պատկան մարմինների հետ:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հրաժարվեց անդրադառնալ տարբեր ենթադրությունների, գերադասելով փաստերով խոսել:
«Այս ընթացքում ես էլ խոսեցի Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրեն Մարինե Հարությունյան հետ և նա նշեց, որ եթե եղել են պատճառներ, որ ինչ-որ խաղողագործների բերք չի մթերվել, դա եղել է բացառապես այն պատճառով, որ նրանց բերքի որակը և տեսակը չի համապատասխանել չափորոշիչներին, որը անհրաժեշտ է կոնյակի գինենյութ ստանալու համար: Ուրիշ որևէ պատճառ չկա և պետք էլ չէ մտացածին բաներ հորինել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ թեև գործարանը խաղողի այնքան մեծ պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, այնուամենայնիվ ինքը կընդառաջի խաղողագործներին եւ արդեն հանձնարարել է սեպտեմբերի 21–ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով։