Երկու տարի առաջ հունվարի 12-ի առավոտյան 06:00-ի սահմաններում Գյումրիում ռուս զինծառայողի կողմից սպանվեց Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը: Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով լքելով Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի տարածքը մուտք է գործել Մյասնիկյան փողոցի թիվ 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն և սպանել ընտանիքի բոլոր անդամներին՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, նրանց դստերը՝ Աիդա Ավետիսյանին, որդուն՝ Արմեն Ավետիսյանին, թոռանը՝ Հասմիկ Ավետիսյանին և Արմեն Ավետիսյանի կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին: Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը 7 օր շարունակ կյանքի համար պայքարելուց հետո մահացավ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Փոքրիկին կրծքի շրջանում ծանր վնասվածք էր հասցվել՝ կտրող-ծակող գործիքով:
Ռուս զինծառայողին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերել էին սահմանապահները:
Պերմյակովի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն): Ռուսական կողմի հարուցած քրեական գործով Պերմյակովը 2016թ. օգոստոսին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության և զենքի ապօրինի կրման համար:
Ավետիսյանների գործով դատական քննության մասին Shabat.am-ը զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործն օբյեկտիվ, ամբողջական չէ,- կարծում է նա,- ՀՀ քննչական մարմինը և դատարանը չեն իրականացրել ամբողջական և օբյեկտիվ քննություն, չեն բացահայտել հանցագործության դրդապատճառը և չեն փորձել իրավական գնահատականներ տալ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ռուսական ռազմաբազայի ղեկավարության և անմիջական ղեկավարի, սպաների պատասխանատվության հարցին»:
Ըստ Սաքունցի՝ իշխանություններն իրենց վերաբերմունքը չեն փոխել ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում. «Բացարձակ որևէ քայլ չտեսանք իշխանությունների, գլխավոր դատախազության կողմից Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու ուղղությամբ: Ճիշտ է, դատական նիստերին Պերմյակովը ներկա էր լինում, սակայն թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ամբողջ ընթացքում շարունակեց մնալ ռուսական ռազմաբազայի հսկողության տակ և ոչ թե հայաստանյան արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում՝ մեր իրավապահների հսկողության ներքո: Կարող ենք ասել, որ փաստորեն ոչ թե Պերմյակովը հանձնվեց Հայաստանի արդարադատությանը, այլ Հայաստանի արդարադատությունը հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը»:
Իրավապաշտպանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չկատարեցին իրենց պարտավորությունները քաղաքացիների առջև. «Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով արձանագրում ենք, որ և Ավետիսյանների ընտանիքը, ՀՀ քաղաքացիները, դատական իշխանությունը, իրավապահ համակարգը մնաց անպաշտպան Ռուսաստանի կամայականության առջև», - նշում է Սաքունցը:
«Իշխանափոխության արդյունքում, երբ Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը կգործի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի դրույթներին համապատասխան, այն է՝ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, այն ժամանակ էլ այս գործը կբացահայտվի»,-եզրափակեց իրավապաշտպանը:
Անուշ Հարությունյան