Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը, այս անգամ ներկայցնում ենք Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
-Պարո՛ն Զոհրաբյան, երբ տեսաք անցումի տակ կաշառք վերցնող դատավորի կադրերը, ի՞նչ զգացումներ ապրեցիք:
-Որպես քաղաքացի՝ բացասական զգացումներ ապրեցի, սակայն որպես փաստաբան ես չեմ կարող մոռանալ անմեղության կանխավարկածի մասին: Հաճախ կյանքում տեղի ունեցող օբյեկտիվ իրադարձությունները մենք կարող ենք սուբյեկտիվ ընկալել: Պետք է լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որպեսզի հնարավոր լինի ասել՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ ոչ:
- Ընդհանրապես այսօր դատական կոռուպցիան ըստ Ձեզ ի՞նչ ծավալների է:
- Ծավալների մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց այն, որ կոռուպցիա կա, կարծում եմ որևէ մեկը չի կարող վիճարկել: Ցավոք, կոռուպցիա կա բոլոր համակարգերում՝ նաև դատական:
- Ի՞նչ եք կարծում որևէ մեկի հրաժարականը կամ պաշտոնից հեռացումը կօգներ նվազեցնել կաշառակերությունը այս համակարգերում:
- Իմ կարծիքով, այսօր կոնկրետ պաշտոնատար անձից որևէ բան կախված չէ: Եթե համակարգային մոտեցում չցուցաբերվի, հնարավոր չի լինի կոռուպցիան վերացնել: Վերցնենք, թեկուզ դատական համակարգը: Եթե դատավորների աշխատավարձը չբարձրացվի, նրանց քանակը չավելացվի, նրանց ներքին անկախության հարցը չկարգավորվի, դատավորների մասնագիտական որակների մակարդակը չբարձրացվի, ապա ով էլ որ լինի դատական համակարգի ղեկավարը, իրեն ոչինչ փոխել չի հաջողվի: Որպես օրինակ կարել է նշել գործերի քանակը, դատարանները ծանրաբեռնված են, իսկ քանակը միշտ էլ ազդում է որակի վրա: Եթե մեկ դատավորն ի վիճակի է քննելու, ասենք, հարյուր գործ և նա այդ գործերի վրա կարող է որակով աշխատել, ապա հազար գործի պարագայում, բնականաբար դատավորից չեն կարող որակ պահանջել: Իսկ այս բացից էլ արդեն կարող են բազմաթիվ բացասական երևույթներ սողոսկել համակարգ՝ այդ թվում նաև կոռուպցիան:
-Ստացվում է, որ եթե դատավորների քանակն ավելացվի և աշխատավարձը բարձրացվի, կկարողանանք որոշ չափով խուսափել կոռուպցիայից:
-Ես առանձնացնում եմ աշխատավարձերի բարձրացումը, քանի որ հաճախ կարծում են, թե դատավորները բարձր աշխատանվարձ են ստանում: Դատավորն արդարադատություն է իրականացնում և միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում, այսպես ասած, նա է որոշում՝ ով է ճիշտ և ով սխալ, իսկ այս առումով հասարակությունը պետք է կարողանա նրան վստահել: Դատավորը չի ապրում վակուումի մեջ. նա շփվում է մարդկանց հետ, ունի ընտանիք, երեխաներ և բնական է, որ ունի իր կարիքները: Եթե նա ցածր վարձատրվեց, գայթակղությունն ավելի մեծ կլինի: Իսկ եթե աշխատավարձը բարձրացնեն, դատավորների թիվն ավելացնեն, դրանց գումարած մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացվի, իրավիճակը կփոխվի: Պրոֆեսիոնալ, գրագետ, բարձր իրավագիտակցություն ունեցող դատավորն արդեն այլ մոտեցումներ կունենա: Իհարկե, սա դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի կոռուպցիան ամբողջապես արմատախիլ անելու համար, սակայն այդ միջոցառումները լրջորեն կնպաստեն, որ կոռուպցիան անհամեմատ նվազի:
- Ո՞վ է Ձեր ամենամեծ թշնամին, հակառակորդը կամ մրցակիցը մասնագիտական կյանքում:
-Ես թշնամիներ չունեմ: Ունեմ ընդդիմախոսներ, հակառակորդներ, բայց ոչ թշնամիներ:
- Հարթվեցի՞ն Ձեր անհաշտությունները մի քանի հայտնի փաստաբանների հետ՝ Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան, Արգիշտի Կիվիրյան և այլք:
-Նրանց վերաբերվում եմ հարգանքով, ինչպես գործընկերների: Ես՝ որպես փաստաբանների պալատի ներկայացուցիչ, պարտավոր եմ հանդուրժողականություն ցուցաբերել, ինչը և անում եմ: Տարընկալումներ, տարբեր տեսակետներ կան, և դա սովորական երևույթ է: Չի կարող որևէ մեկն ունենալ միայն համակիրներ կամ միայն հակառակորդներ:
-Ձեր կարծիքով Հայաստանում կա՞ արդարություն կամ արդարադատություն:
-Ինչպես ասում են՝ արդարադատությունը մարդկային կատեգորիա է, իսկ արդարությունը աստվածային կատեգորիա է: Իհարկե կա, բայց մասնավոր դեպքերում պատահում է, որ այն բացակայում է: Մենք ապրում ենք երկրի վրա, որտեղ մշտապես բախումներ են լինում բարու և չարի միջև և դա դրսևորվում է ցանկացած իրավիճակում: Մարդուն տրված է լավի և վատի, բարու և չարի, օրինականի և անօրինականի միջև ընտրություն կատարելու հնարավորություն, նայած թե ով ինչ է ընտրում:
-Եղած հազարավոր փաստաբաններից քանիսի՞ն կվստահեիք Ձեր անձնական գործը կամ ձեր ազգականի գործը:
-Ես գիտեմ՝ ում կվստահեի, բայց հիմա ի պաշտոնե ճիշտ չի լինի անուններ տալը: Ընդհանրապես իմ պատկերացմամբ փաստաբանը պետք է լինի գրագետ, զուսպ և համարձակ: Փաստաբանն առնվազն այս հատկանիշները պետք է ունենա: Չմոռանանք, որ փաստաբանը հիմնականում հանդես է գալիս պետական մարմինների, պաշտոնատար անձանց հակառակորդ կողմում, իսկ վերջիններս ունեն լուրջ գործիքակազմ և իշխանություն, փաստաբանն իշխանություն չունի, նրա զենքն իր գիտելիքն է:
-Ովքե՞ր են Ձեր փաստաբան ընկերները, կթվարկե՞ք նրանց անունները:
-Ես չէի ուզենա անուններ թվարկել, որովհետև շատ փաստաբան ընկերներ ունեմ և եթե փորձեմ թվարկել, գուցե բոլորի անունները նշել չկարողանամ: Նրանց թվում կան նաև մարդիկ, որոնց հետ մոտ ենք ընտանիքներով:
-Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում:
- Ցանկացել եմ դառնալ իրավաբան և դարձել եմ:
-Հիշու՞մ եք առաջին աշխատած գումարը ինչի՞ վրա եք ծախսել:
-Բերել եմ տուն և տվել ծնողներիս՝ իհարկե գումարի մի 20 տոկոսը ինձ պահելով (ծիծաղում է):
- Փաստաբանների պալատի նախագահ ընտրվելուց հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
- Սկսեցի ավելի ուշ տուն գալ, ավելացավ ծանրաբեռնվածությունս: Այս պաշտոնում իմ աշխատելու ամենամեծ ընդդիմադիրներն իմ ընտանիքի անդամներն են:
- Ձեր այս պաշտոնի ժամկետի ավարտից հետո ի՞նչ պաշտոնի կուզենայիք անցնել:
-Անկեղծ ասած, երբեմն կարոտում եմ ակտիվ փաստաբանական գործունեությունը: Կվերսկսեմ փաստաբանական գործունեությունս: Չնայած մի քանի քրեական գործերով մասնակցել եմ դատավարություններին:
-Կհիշեք, թե Ձեր փաստաբանական գործունեության ընթացքում քանի դատ եք շահել:
- Չեմ կարող ասել, և՛ շահել եմ, և՛ պարտվել եմ, բայց ամենակարևորն այն է, որ նույնիսկ պարտվելու դեպքում վստահորդ-փաստաբան հարաբերությունները եղել են բարձր մակարդակի վրա: Վստահորդները հասկացել են, որ այն ամենը, ինչ ինձանից կախված է եղել, արել եմ՝ նրանց շահերը պաշտպանելու համար: Կարևորն այդ գնահատականն է, որը լսել եմ վստահորդից կամ հասկացել նրա հայացքից:
-Այսօրվա դրությամբ Դուք հասե՞լ եք այն ամենին, ինչին ձգտում էիք:
-Ծնված օրվանից մարդն ունենում է նպատակ: Ըստ Աստվածաշնչյան մոտեցման՝ մարդը պետք է ձգտի կատարելության՝ ապրելով այնպես, որպեսզի չարն իր կյանքում պակասի: Սա պետք է լինի նպատակը, իսկ մնացած ամեն ինչը միջոց է: Պաշտոնները և կոչումները ժամանակավոր հանգրվաններ են, և մարդը դրանով չպետք է առաջնորդվի:
- Չէի՞ք ցանկանա դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ:
-Այս պահին Փաստաբանների պալատն եմ ներկայացնում և այլ բան չեմ պատկերացնում:
-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Եթե այո, կկիսվե՞ք Ձեր բանաձևով:
-Այո, ես երջանիկ մարդ եմ: Ես մի դեպք հիշեցի: Մի վստահորդ ունեի, որն իր հակառակորդի հետ անընդհատ վիճում էր: Մի անգամ նրանից մեկն ասաց, որ ինքն ավելի հարուստ է, քան մյուսը: Սկսեցին վիճել, թե ով է ավելի հարուստ: Մատնացույց անելով իմ երիտասարդ օգնականին, ասացի, որ նա այդ երկուսից ավելի հարուստ է: Զարմացան, շփոթվեցին: Ես բացատրեցի, որ հարուստ մարդը նա չէ, որն ունի մեծ ունեցվածք, այլ նա, ով բավարավում է իր ունեցածով: Եթե ես ծարավ եմ, և մեկ բաժակ ջուրը հագեցնում է իմ ծարավը, ես ավելի երջանիկ եմ, քան այն մարդը, որն ունի գարեջրի գործարան, բայց չի հագենում: Երջանկությունն ինձ համար այնպիսի մի կատեգորիա է, որը ներառում է Աստված, ընտանիք, ընկերություն, աշխատանք գործոնները: Եթե մարդն այդ ամենի մեջ կարողանում է իրեն գտնել և հասկանալ, թե ուր է գնում, կարծում եմ հենց դա է երջանկությունը:
-Մեր զրույցի ընթացքում երկու անգամ խոսեցիք Աստծո մասին: Դուք աստվածավա՞խ եք, թե՞ աստվածապաշտ:
- Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում, որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ տեսնել:
- Ամենահաճախն աշխատասենյակում ինձ կհանդիպեք … ինչպես ասում են, հանդիպման վայրը փոխել չի կարելի /ծիծաղում է/: Իսկ ամենասիրելի վայրը Հաղթանակի այգին է, որովհետև մեր տունը գտնվել է Մոնումենտի մոտ, ես այնտեղ եմ ծնվել ու մեծացել:
-Ինչպե՞ս և ու՞մ հետ եք անցկացնում հանգստյան օրերը:
-Առավելագույնս փորձում եմ ընտանիքիս հետ անցկացնել հանգստյան օրերը: Կիրակի օրն, այսպես ասած ավանդաբար, եղել է իմ ընտանիքի օրը: Ընկերներս էլ գիտեն, որ այդ օրը ես ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Ընտանիքով գնում ենք եկեղեցի՝ պատարագ լսելու, որից հետո, ինչպես երեխաներս են ասում, գնում ենք համով բան ուտելու: Սիրում ենք Զաքյանի զբոսայգում հեծանիվ վարել, ընկերներով և մեր որդիներով հավաքվել և ֆուտբոլ խաղալ՝ համատեղելով հաճելին ու օգտակարը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Նույնիսկ սուր քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, բայց վիրավորանքին ու ծաղրանքին լավ չեմ վերաբերվում:
-Խի՞ստ եք Ձեր ենթակաների նկատմամբ:
-Այո՛, կարելի է ասել, որ խիստ եմ, բայց ես նախ և առաջ խիստ եմ ինքս իմ նկատմամբ:
-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:
-Ծանոթացել ենք 2002թ. օգոստոսին: Նա աշխատում էր հարևան գրասենյակում: Ծանոթացանք, իսկ հետո ինչպես ֆիլմերում է լինում…
- Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:
-Մեծ որդիս՝ Արսենը ծնվել է 2006թ., սովորում է հինգերորդ դասարանում, Հայկը ծնվել է 2007թ. և սովորում է չորրորդ դասարանում, իսկ Միքայելը ծնվել է 2015թ.:
Արսենը և Հայկը ինձ նման հոգնած են տուն գալիս /ծիծաղում է/: Գնում են մեծ թենիսի, լողի, կիթառի, անգլերեն են պարապում, շախմատ, ռազմական թաեքվանդո:
-Ձեր երեխաների նկատմամբ խի՞ստ եք: Ինչպե՞ս եք պատժում նրանց:
-Ես գիտեմ, որ կինս ինձանով նրանց վախեցնում է: Խիստ եմ, բայց դեմ եմ բռնություններին: Կարծում եմ, որ պետք է առաջնորդվել խոսքով՝ բացատրելով, համոզելով: Դաստիարակության ամենալավ մեթոդը օրինակ ծառայելն է: Եթե ասես մի բան և անես բոլորովին այլ բան, երեխայի մեջ հակասություն կառաջանա: Օրինակ, ծխող ծնողը չի կարող իր երեխային համոզել, որ նա չծխի:
Փորձում եմ խորհուրդներով ուղղորդել նրանց: Երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ չեմ իմանում՝ ինչ պատասխանել: Օրինակ, հարցնում են երեխան ինչպես է ծնվում, կա Ձմեռ Պապիկ թե ոչ: Խորհրդակցում եմ ավելի մեծ տղաներ ունեցող ընկերներիս հետ, հարցնում եմ՝ իրենք ինչպես են պատասխանել նման հարցերին:
-Մանկության կամ պատանեկության տարիներից հիշարժան մի դեպք կպատմե՞ք:
-Մի անգամ երեխաներով գնացել էինք Մոնումենտի այգի: Վերադառնալիս մեզանից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա մի 15-20 շուն մեր դիմաց դուրս եկան: Ընկերներիս հորդորեցի չփախչել, բայց բոլորը սկսեցին վազել:Շները հարձակվեցին. վերջում մնացի միայն ես, որովհետև ամենից դանդաղն էի վազում: Իմ ու շների միջև տարածությունը գնալով կրճատվում էր: Ես կանգնեցի, գետնից մի բան վերցրեցի, որը ինչպես հետո պարզվեց, ընդամենը մի փոքրիկ ճյուղ էր ու վազեցի դեպի շները: Նրանք փախան… դա ինձ դաս եղավ, որ նմանատիպ իրավիճակում, եթե չգիտես ինչ անել, պետք է հարձակվես:
- Եթե հնարավորություն լիներ ի՞նչը կփոխեիք անցյալում:
-Ընդհանուր առմամբ ոչինչ չէի փոխի: Եթե երբևէ աննրբանկատորեն վիրավորել եմ որևէ մեկին, դա կշտկեի: Ինքս հաճախ եմ մտածել՝ կյանքի որ խաչմերուկից այլ ճանապարհ կընտրեի, բայց հասկացել եմ, որ կշարունակեի իմ ճանապարհով ընթանալ:
3 առանձին մշտական հարցեր
-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել
-Դժվարանում եմ հիշել: Ամոթի այնպիսի զգացում չեմ ապրել, որը հիշողությանս մեջ այնպիսի հետք թողներ, որ կարողանայի հիմա հիշել: Ընդհանրապես ամաչկոտ եմ եղել կենցաղային հարցերում, օրինակ, մանուկ ժամանակ հյուր գնալիս ամաչում էի ճաշել:
-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել եք և որ ստացել եք:
-Տատիկիս տված հոգևոր գիրքը: Ինչ վերաբերում է իմ տված նվերներին, չեմ հիշում և կարծում եմ, որ պետք չէ շատ հիշել: Մարդը պետք է ավելի շատ տա, քան վերցնի: Ընկերության մեջ էլ եթե հաշվարկես տվածդ, դա կենթադրի փոխադարձ ակնկալիք և ընկերությունը կվերածվի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ վրա այն կօգտագործեիք:
-Իմ ճանաչած մարդիկ լինեին ավելի լավը՝ ինձանից սկսած: Իսկ լայն առումով կուզենայի, որ Հայաստանում չլինեին կազինոներ և գիշերային ակումբենր, որոնք այլասերում են երիտասարդությանը:
Մի քանի հարց էլ ուղղենք Ձեր կնոջը.
-Ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրելի ուտեստը, որը պատրաստում եք նրա համար:
-Տատիկի ճաշը, որը միշտ իմ տատիկն էր պատրաստում: Դա հավի մսով և կարտոֆիլով ճաշ է:
-Երեք երեխաների հետ հասցնու՞մ եք ժամանակ գտնել խոհանոցում անցկացնելու համար:
-Դժվար է, բայց փորձում եմ:
-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ վրա այն կօգտագործեիք:
-Իմ երազանք իմ առողջ բալիկներն են:
-Ինչպե՞ս եք ծանոթացել պարոն Զոհրաբյանի հետ:
-Աշխատում էինք տարբեր կազմակերպություններում, այդտեղ հանդիպեցինք: Հետո միայն իմացա, որ խորամանկ քայլերի է դիմել իմ հեռախոսահամարն իմանալու համար: Մի անգամ էլ ինձ իր հետ դատարան տարավ՝ իբր թարգմանություններ անելու նպատակով /ծիծաղում է/:
-Հայկ ջան, հայրիկը խիստ է ձեր նկատմամբ, ինչպես է ձեզ պատժում:
-Ասում ա՝ գիրք կարդա:
-Ձեզ համար պատիժ է գիրք կարդալը
-Չէ, բայց պապան ասում ա, որ շատ պետք ա կարդանք:
-Ի՞նչ եք անում հայրիկի հետ ազատ ժամանակ:
-Գնում ենք պատարագի, հետո ֆուտբոլ ենք խաղում:
- Մեծանաք՝ ի՞նչ եք դառնալու:
/Այս հարցին Զոհրաբյանի երկու որդիները միաձյան պատասխանեցին/
-Փաստաբան:
-Իսկ ինչու՞:
-Որովետև փաստաբանը պաշտպանում ա մարդկանց իրավունքները:
-/Զոհրաբյան/- Մի անգամ Արսենը շարադրություն էր գրել՝ ով է փաստաբանը թեմայով: Նա գրել էր. Փաստաբանը պաշտպանում է մարդկանց իրավունքները, ուշ է տուն գալիս և երեխաների հետ քիչ է շփվում: Դրանից հետո սկսեցի երեխաներիս հետ ավելի ինտենսիվ շփվել:
Նյութը պատրաստեցին՝
Մարիամ Մելքումյանը
Անուշ Մուրադյանը
Խաչատուր Կոճիբրոյանը