Կարևոր իրադարձություններ

Հոգեբանական անպտղություն

13 Նոյեմբեր, 2016 20:40
Հոգեբանական անպտղություն

Կինը ոչ միշտ է անկարող հղիանալ ֆիզիոլոգիական պատճառներից ելնելով: Երբեմն անպտղության պատճառ դառնում են հոգեբանական խնդիրները, որոնց շարքում կարող է լինել նույնիսկ երեխա ունենալու ցանկությունը:

Հղիանալու կարողությունը երբեմն ընդունվում է որպես ինքնստինքյան ենթադրվող, և շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել լիարժեք կյանքն առանց երեխայի:

Հոգեբանական անպտղության հանգեցնող պատճառները կարող են լինել բազմապիսի՝ հոգեբանական խնդիրներ ընտանիքում, սթրեսներ, նյարդային համակարգի գործունեության խաթարում: Հաճախ անպտղության հոգեբանական խնդիրների պատճառ /հատկապես եթե անպտղությունը կանացի է/ դառնում է երեխաներ ունենալու անկարողության վրա չափազանց սևեռվելը:

Հղիանալ չկարողանալն ազդում է սեփական արժանապատվության զգացողության վրա: Անպտղության ժամանակ հաճախակի փոփոխվում են զույգերի զգացողությունները, և տարբեր ժամանակահատվածներում նրանք կարող են ունենալ տարբեր զգացմունքներ ու պահանջներ: Այդ վիճակը չունի ստույգ «փուլեր». երբեմն զգացողությունները կարող են լինել ցավագին սրված և լարված, իսկ հաջորդ պահին դրանք կարող են թուլանալ: Անպտղության հետ կապված հուզական ապրումները տարբեր մարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են այնպես՝ ինչպես և դրանց հաղթահարման միջոցները:

Շոկ. սա առաջին ռեակցիան է, երբ զույգը իմանում է իր անպտղության մասին: Մարդը իր կյանքի ընթացքում մտածում է, որ ուշ թե շուտ երեխա է ունենալու, և հանկարծ հասկանում է, որ իր կյանքի պլանները փոխվում են, ամբողջովին փլուզվում: Սովորաբար շոկը երկար չի տևում: Այն հանդիսանում է հոգեկանի պաշտպանիչ ռեակցիա, որը օգնում է համակերպվել իրականության հետ:

Ժխտում. «Սա չի կարող պատահել մեզ հետ», տվյալ միտքը օգնում է ամուսիններին ընտելանալ անպտղության մտքի հետ: Ժխտումը կարող է դառնալ կպչուն միտք: Եթե այն լինում է երկարատև, այն թույլ չի տալիս գիտակցել այդ խնդիրի առկայությունը: Այդ դեպքում հնարավոր է ժամանակի բացթողում և հետագա բուժման արդյունավետությունը կարող է ավելի ցածր լինել, քանի որ անպտղության բուժման բոլոր մեթոդների արդյունավետությունը կնոջ տարիքի հետ նվազում է:

Մեղքի զգացում. երբեմն զույգերը (ավելի հաճախ կանայք) մտածում են, որ անպտղությունը իրենց անցյալում կատարած որոշակի արարքների համար պատիժ է՝ օրինակ սեռական ակտիվության կամ արհեստական վիժման համար: Երբեմն զույգերից որևէ մեկը կարող է մեղավորության զգացողություն ունենալ մյուսի հանդեպ (կախված ում մոտ է հայտնաբերված առողջական խնդիրը): «Ես զրկում եմ իմ զուգընկերոջը երեխա ունենալու հնարավորությունից»: Մեղքը բացասական, ոչ կառուցողական, սակայն անպտղության խնդիր ունեցող զույգերի մոտ հաճախակի հանդիպող զգացում է:

Չարություն. Այս զգացողությունը կարող է արթնանալ այն մտքից, որ դա անարդարացի է:

Հաճախ այս խնդիրը բացասական է անդրադառնում սեռական կյանքի վրա: Ժամանակի հետ սեռական կյանքը դադարում է զույգերին հաճույք պատճառել` փոխակերպվելով ծանր պարտականության: Զույգերը սկսում են զգալ անակնկալության բացակայություն` մշտական բժշկական ընթացակարգերի, բազային ջերմաստիճանի չափման և գրաֆիկով սեռական հարաբերություններ ունենալու պատճառով: Այլևս չեն նկատում միմյանց և մոռանում, թե ինչպիսի ռոմանտիկ զգացմունքներ են միմյանց կապել:

Որոշ իրավիճակներ հատկապես ուժեղ սթրեսի պատճառ են դառնում`

- Սեռական ակտը խիստ որոշակի ժամանակ իրականացնելու անհրաժեշտություն
- Բուժման անհաջող ցիկլից հետո մենստրուացիայի սկիզբ
- Անպտղության վերաբերյալ ընկերների և ընտանիքի անդամների հարցերին պատասխանելու անհրաժեշտություն: Այդ հարցերից շատերը կլինեն անտակտ և ցավալի
- Բուժումը աշխատանքային ծանր գրաֆիկի հետ համատեղելու անհրաժեշտություն
- Բուժման մեթոդի ընտրության անհրաժեշտություն
- Ախտորոշման և բուժման արդյունքների սպասում` արդյոք նորմալ են սպերմոգրամայի ցուցիչները, արդյոք բեղմնավորվել են ձվաբջիջները, և այլն:

Անպտղությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ հարաբերությունների, զուգընկերների ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և տնտեսական վիճակի վրա: Փակ շղթան, որով հոգեբանական անպտղությունը գամում է ընտանիքը, դժվար է հաղթահարել առանց մասնագետների օգնության: Որքան խորանում են անպտղության հոգեբանական պատճառները, որքան լրջանում է իրավիճակը, այնքան ավելի է բարդանում դրա լուծումը, հատկապես այն դեպքերում, երբ անպտղությունը կանացի է: Տարբեր բժիշկների այցելելն արդյունք չի տալիս, անպտղության գործոնները շարունակում են մնալ չճշտված, և դա էլ ավելի բացասական է անդրադառնում ամուսինների հոգեկանի վրա: Հիասթափության շեմին կանգնելով, մարդիկ հաճախ բաժանվում են` չկարողանալով պահպանել ընտանիքը:

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ հոգեբանական անպտղության մեխանիզմը նույնն է, հոգեբանական գործոնները միջնորդավորված կերպով հանգեցնում են հորմոնալ ֆունկցիաների փոփոխության, ինչն իր հերթին ազդում է վերարտադրողական համակարգի վրա: Սթրեսը, անհաջողության հանդեպ վախը կարող են հանգեցնել սպերմատոզոիդների քանակի կրճատման և դրանց շարժունակության խախտման, հորմոնալ խանգարումների և այլն:

Մինչդեռ հենց սթրեսային իրավիճակն են հոգեբաններն անվանում այն հիմնական խնդիրներից մեկը, որոնք կարող են պատճառ դառնալ հոգեբանական անպտղության: Սթրեսի ազդեցությունը կարող է խոչընդոտել հղիացմանը, խթանելով լրացուցիչ հոգեբանական տրավմաներ: Պետք է միշտ հիշել, որ նյարդային համակարգի դերն օրգանիզմում ցանկացած գործընթացի կազմավորման համար շատ մեծ է: Մարմինը և հոգեկանը փոխկապակցված են միմյանց հետ, և այսօր արդեն ոչ ոք չի վիճարկում այդ փաստը: Հղիության հասնելու համար կինը պետք է պատրաստ լինի հղիանալ, և դա չի սահմանափակվում միայն նրա վերարտադրողական համակարգի պատրաստ լինելով, այլ նաև նրա հոգեկան վիճակով: Մեր ենթագիտակցությունն ունակ է ազդել ոչ միայն մեր մտքերի, այլև ցանկացած ֆիզիոլոգիական գործընթացի վրա, որը տեղի է ունենում մեր օրգանիզմում:

 

Լրահոս

Դիտել ավելին