Կարևոր իրադարձություններ

Օբամա, հարցրո՛ւ Ալիևին... ադրբեջանցի ազատազրկված լրագրողի կոչն Օբամային

01 Ապրիլ, 2016 17:21
Օբամա, հարցրո՛ւ Ալիևին... ադրբեջանցի ազատազրկված լրագրողի կոչն Օբամային

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը հրապարակել է ադրբեջանցի հետաքննող լրագրող, այժմ ազատազրկված Խադիջա Իսմայիլովայի բաց նամակը։

 

Նամակը ներկայացնում ենք կրճատումներով.

 

«Ես այս նամակը գրում եմ Բաքվի բանտից։ Ես 7.5 տարվա ազատազրկման եմ դատապարտվել մի հանցանքի համար, որը երբեք չեմ կատարել։

 

Ես լրագրող եմ, և միակ «հանցանքը», որ ես իրականացրել եմ, դա Իլհամ Ալիևի ընտանիքի ու կառավարության հետ կապ ունեցողների կոռուպցիոն փաստերը բացահայտելն է։

 

Կառավարությունը նրան ժառանգություն է մնացել հորից՝ 2003 թվականին։ 2009-ին նա փոխել է Սահմանադրությունը և կարողացել է իշխանության մնալ անսահմանափակ ժամկետով։ Միջազգային հանրությունը նրան «մամուլի թշնամի» է համարել։ Նա խախտել է նաև մարդկանց այլ հիմնարար ազատություններ։

 

Այս շաբաթ Ալիևը մասնակցում է Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

 

Բարաք Օբամայից հրավեր ստանալու համար նա ստիպված է եղել մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակել։ Նրանք ազատության մեջ են, սակայն չեն կարողանում դուրս գալ երկրից։ Այդկերպ արդարությունը չի հաղթանակել։

 

Ես խաղալիք չեմ

«Ինչո՞ւ քաղբանտարկյալները հանկարծ ազատվեցին, ի՞նչ փոխվեց։


Ալիևին պետք էր այդ բանտարկյալներին ազատել, որպեսզի սեղմեր Օբամայի ձեռքն ու վարկ ստանար Համաշխարհային բանկից՝ նավթի գների նվազումից, ազգային արժույթի արժեզրկումից հետո՝ իր կաղացող տնտեսության համար։

 

Ալիևը չի ամաչում քաղբանտարկյալներին որպես վաճառքի իր ներկայացնել՝ արտասահմանյան իր քաղաքականության համար։ Նրանք ուրախանում են, որ ազատվել են։

 

Ես խաղալիք չեմ Բաքվի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ձեռքբերումների ընթացքում փոխանակվելու համար։ Մենք պատանդներ ենք բանտերում։ Ազատությունն իմ սահմանադրական իրավունքն է, սակայն Ալիևը, որպես նախագահ, չկարողացավ այն պաշտպանել։ Ես երբեք ներում չեմ հայցի հանցագործության համար, որը չեմ իրականացրել։ Անգամ այստեղ՝ բանտում, ես ազատ եմ, և իմ ազատությունը չի վաճառվում։

 

Հարցրու...


Այդ կերպ, նախագա՛հ Օբամա, խնդրում եմ, Ալիևին խնդրիր դադարեցնել ճնշումն անկախ մամուլի ու քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Բացատրություն պահանջիր նավթային միլիարդների համար, որոնք ծախսվել են «սպիտակ փիղ» նախագծի վրա՝ հանուն մի քանի մարդկանց շահերի։ Հարցրու, թե ե՞րբ է նա ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու։ Հարցրու, թե ե՞րբ է ազատելու բոլոր քաղբանտարկյալներին։ Հարցրու, թե ե՞րբ հիմնարար ազատությունները կդադարեն նվեր լինել նրա ձեռքում և իրավունքի կվերածվեն։ Ես հարցրի և բանտ ընկա։

 

Դրանք կարևոր հարցեր են և չպետք է անպատասխան մնան։ Մենք պայքարելու ենք լիակատար հաղթանակի համար, քանի դեռ արդարությունը չի հաղթել։

 

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ լիովին ապահովել են հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Նրանք նաև հայտարարում են, որ որ այն անձինք, որոնք միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից «քաղբանտարկյալներ» են համարվում, պատիժ են կրում կոնկրետ հանցագործությունների համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին