Կարևոր իրադարձություններ

Հաճախ ուսուցիչներն անձամբ են հայտնել, թե ինչ նվեր են նախընտրում ստանա

01 Ապրիլ, 2016 15:30
Հաճախ ուսուցիչներն անձամբ են հայտնել, թե ինչ նվեր են նախընտրում ստանա

Ծնողների պնդմամբ տոն օրերին իրենք ստիպված են լինում ուսուցիչներին «վերաբերմունք ցույց տալ»` հետագայում իրենց երեխաների նկատմամբ վերջիններիս լավ տրամադրելու նպատակով: Այս մասին ասված է ՄԻՊ-ի 2015 թվականի զեկույցում, որտեղ անդրադարձ կա դպրոցներում աշակերտների շրջանում անօրինական դրամահավաքության դեպքերին։

Զեկույցում, մասնավորապես, ասվում է.

«2015թ.-ի ընթացքում ստացվել են ահազանգեր եւ տեղեկություններ (աշակերտների ծնողներից, հասարակական կազմակերպություններից ու մի շարք ԶԼՄ-երից) հանրակրթական դպրոցներում տնօրենների կողմից թուլ տրված անօրինականությունների, այդ թվում՝ անօրինական դրամահավաքի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանին բազմիցս հայտնել են տնօրենների կողմից մարդկանց ապօրինի աշխատանքից ազատելու, ուսուցիչներին սպառնալու եւ նրանց արժանապատվությունը վիրավորելու դեպքերի մասին: Դրանցից մեկով, օրինակ, Նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցում չեն պահպանվել օրենսդրական մի շարք պահանջներ, ավելին՝ դպրոցի տնօրենը պատշաճ չի իրականացրել ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Հաշվի առնելով հայտնաբերված խնդիրները՝ Նախարարությունն առաջարկել է քննարկել դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը, ինչից հետո դպրոցի տնօրենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ դեպքով քաղաքացին պնդել է, որ վերջինիս ազատել են ուսուցչի պաշտոնից իր քաղաքական հայացքների պատճառով:

Ավելին, ծնողների պնդմամբ այնպիսի օրերին, ինչպիսիք են` Ուսուցչի տոն, Մարտի 8, Ապրիլի 7 եւ այլն, իրենք ստիպված են լինում ուսուցիչներին «վերաբերմունք ցույց տալ»` հետագայում իրենց երեխաների նկատմամբ վերջիններիս լավ տրամադրելու նպատակով: Առանձին դեպքերում ուսուցիչներն անձամբ են հայտնել, թե ինչ նվեր են նախընտրում ստանալ: Որոշ դպրոցներում ծնողները հայտնում են նաեւ «ֆոնդի փող» հավաքելու դեպքերի վերաբերյալ: Նման դեպքերում գումարների հավաքումը, որպես կանոն, իրականացվում է ծնողական կոմիտեների միջոցով` նախօրոք պայմանավորված գումարի չափով: Մի շարք դեպքերում տնօրենների հրահանգով գումարներ են հավաքվում դպրոցի վերանորոգման համար, հաշվի չառնելով այն, որ պետական բյուջեով այդ նպատակով, ինչպես նաեւ «Վերջին զանգ»-ի եւ այլ միջոցառումների կազմակերպման համար գումար դպրոցին արդեն իսկ հատկացված է:

Նախարարության տրամադրած տվյալներով` 2015թ.-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ «Թեժ գիծ» հեռախոսակապով գրանցվել է 101 ահազանգ, որոնցից 66-ը՝ դպրոցներում կատարվող դրամահավաքի, 19-ը՝ ուսուցիչների վերաբերմունքի եւ մասնագիտական պատրաստվածության, 5-ը՝ դպրոցի տնօրենի կառավարման հմտությունների ու անաչառության եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Այդուհանդերձ, Նախարարությունից չեն ստացվել տվյալներ, թե արդյոք նշված դեպքերի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն կամ արդյոք օրինախախտները ենթարկվել են պատասխանատվության` հաշվի առնելով, որ բացահայտված խախտումների վերաբերյալ կարող էր հաղորդում ներկայացվել իրավապահ համապատասխան մարմիններին:

Նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունում հանրակրթական դպրոցների տնօրենների կողմից թույլ տրված ոչ օրինական գործողությունների վերաբերյալ (օրինակ` անօրինական դրամահավաք, դեպքեր, եւ այլն) գրանցվել է 14 դիմում: Ստացված 14 դիմումներից 6-ում բերված փաստարկները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 4-ում՝ մասամբ:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության կիրառման դեպքերի վերաբերյալ Նախարարությունն ահազանգ չի ստացել: Բողոքները հիմնականում վերաբերել են տնօրենների կողմից իրականացվող կադրային քաղաքականությանը եւ դրամահավաքությանը:

Կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից հայտնաբերված ուսումնական հաստատությունների տնօրենների խախտումների հետեւանքները թերությունները վերացնելու նպատակով տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ:

Չնայած տեսչության կողմից նշված խախտումների հայտնաբերմանը, այնուամենայնիվ 2015թ. ուսուցիչների իրավունքները բավականաչափ պաշտպանված չեն եղել:

Առաջարկ. ուժեղացնել դպրոցներում անօրինականության դեպքերի հայտնաբերման, կանխարգելման մեխանիզմները, դրանց կապակցությամբ անցկացնել ծառայողական քննություն եւ բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրել համապատասխան իրավապահ մարմիններին:

 

Լրահոս

Դիտել ավելին