Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արմավիրում ձերբակալվել է երեք երիտասարդ

03 Փետրվար, 2025 22:01
Թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արմավիրում ձերբակալվել է երեք երիտասարդ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ շոկո թմրամիջոցի նմավող զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո թմրամիջոց է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել Տելեգրամ կայքի միջոցով:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 27, 21 և 18 տարեկան երեք երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել 27-ամյա երիտասարդից:

Թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը նույնպես ստացվել էր Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում: Ըստ տեղեկության՝ Վաղարշապատի բնակիչ 45-ամյա տղամարդը տան նկուղում թմրանութ է պահում։

Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների հետ:

Նշված հասցե մեկնած ոստիկանները նկուղում՝ սեղանի տեսանելի հատվածում, նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ։ 45-ամյա տանտիրոջ հետ էին նաև 30 և 31 տարեկան համաքաղաքացի երկու երիտասարդներ: Երեքն էլ ձերբակալվել են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նկուղում հայտնաբերվել է 10 փաթեթ՝ ընդհանուր 68 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: 45-ամյա տղամարդը ներկայացրել է նաև 4,7 գրամ բյուրեղանման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դիազեպամ հոգեմետ դեղամիջոցի 10 հաբ, իսկ 31-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանայի նմանվող զանգված և գաղտնի փականով դանակ:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Խորենացու փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2,29 գրամ շագանակագույն զանգվածներով երկու փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել Տելեգրամ կայքի միջոցով: Հայտնել է նաև, որ տանը ևս ունի ափիոն տեսակի թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ափիոն թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 57,9 գրամ զանգվածով փաթեթներ էին, և երկու էլեկտրոնային կշեռք: Միաժամանակ, 56-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ափիոն տեսակի թմրամիջոցով փաթեթ։

Պարզվել է, որ նա թմրամիջոցները ձեռք է բերել տարբեր թաքստոցներում տեղադրելու և Տելեգրամ կայքի միջոցով իրացնելու նպատակով։

Վաղարշապատ քաղաքի 56-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

 

Լրահոս

Դիտել ավելին