Կարևոր իրադարձություններ

Կրթության կազմակերպման և կրթության բովանդակության կառավարման տեսանկյունից ունենք միասնական ստանդարտի խնդիր. նախարար

23 Հունվար, 2025 17:00
Կրթության կազմակերպման և կրթության բովանդակության կառավարման տեսանկյունից ունենք միասնական ստանդարտի խնդիր. նախարար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպմանը, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջներին, պետական ֆինանսավորմանն ու վերահսկողությանն առնչվող հարաբերությունները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջարկվող փոփոխությամբ շարունակվում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի քաղաքականությունը, այն է՝ կրթության որակի, կառավարման և արդյունավետության միասնական ստանդարտների սահմանում: Նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունն անդրադառնում է երկու հիմնական խնդրի, որոնցից մեկը վերաբերում է արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությանը, որը հասանելի է դպրոցահասակ երեխաներին և նպատակ ունի սահմանել միասնական ստանդարտներ այս ոլորտում: 

«Արտադպրոցական կրթության օղակը բաշխված է ըստ պատկանելիության և տարբեր մարմինների վերադասության, հետևաբար բովանդակային միասնական քաղաքականությունը դառնում է առաջնահերթ նպատակ, եթե խոսում ենք միասնական որակի և ծառայությունների ստանդարտի մասին: Ունենք արվեստի, երաժշտական, գեղարվեստի և սպորտի ավելի քան 400 դպրոցներ, որոնցում ավելի քան 100 հազար երեխաներ են սովորում: Համակարգը բավականին ծավալուն է, և օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որը թույլ կտա հասկանալ և հստակեցնել ծառայությունների տրամադրման ստանդարտները՝ որակական միևնույն չափանիշները սահմանելով բոլոր հաստատությունների համար»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առաջարկվում է նաև հաստատել տարաբնույթ ծրագրերի երաշխավորման կարգը՝ արտադպրոցական հաստատությունների կողմից իրականացվող ծրագրերի բովանդակային վերահսկողության լիազորությունը վերապահելով կրթության ոլորտի լիազոր մարմնին: 

Նախագծով հստակեցվում են նաև արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման ընթացակարգերը, քանի որ այս հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակում պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, և այս առումով լիազորող նորմի անհրաժեշտություն կա:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև ուսումնական պլանների հաստատման ընթացակարգերում միասնական մոտեցմանը: 

Նախագծով առաջարկող մեկ այլ փոփոխությամբ՝ սահմանվում է ընդհանուր ստանդարտ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման  համար։

«Թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթության, թե՛ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում տնօրենների հավակնորդների համար գործում է հավաստագիր ունենալու պարտադիր պահանջ, սակայն տարբեր ժամանակներում առաջադրվել են հավաստագրման տարբեր մեխանիզմներ:

Այդ իսկ պատճառով «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք միասնականացնել հավաստագրման մոտեցումը: Պետք է ունենանք կրթության կառավարման  միասնական մոտեցում. իհարկե, կան առանձնահատկություններ նախադպրոցական հաստատությունների, քոլեջների և դպրոցների առումով, սակայն դրանք հիմնականում ոլորտային կարգավորումներ են օրենսդրության շրջանակում: Կրթության կազմակերպման և կրթության բովանդակության կառավարման տեսանկյունից ունենք միասնական ստանդարտի խնդիր, և այս մոտեցումն ուղղված է ապահովելու համապատասխան գործիքակազմը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ նոր փոփոխությամբ կկարգավորվի նաև նախակրթարանների տնօրենների հավաստագրման խնդիրը:

Հարցի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հաստատություններում վարչատնտեսական գործառույթի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դպրոցների պարագայում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից: Ներդրվել է վարչատնտեսական համակարգողների ինստիտուտը, իսկ տնօրեններին ներկայացվող պահանջները վերանայվել են՝ նրանց վերապահելով բացառապես կրթության որակի ապահովման պահանջները: Նախարարի տեղեկացմամբ՝ հաստատված է նաև պատվիրակման կարգը, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական որոշ գործառույթներ պատվիրակել մասնագիտացված ծառայություններ իրականացնող կազմակերպություններին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է՝ արտադպրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրվել է կամավոր ատեստավորման մեխանիզմը, և առաջին անգամ այս ոլորտում իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթաց: 

«Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևերի մարզիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո և արվեստի ոլորտում 8 ուղղություններով մանկավարժները՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ:

Պետք է նշել, որ 2024-ին գործընթացին մասնակցել են 465 մանկավարժ և մարզիչ՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից՝ 60 հազար, 80 հազար, 100 հազար դրամի չափով՝ կախված արդյունքներից»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին