Գործադիրի որոշմամբ հաստատվել է բյուջետային ծրագրերի գնահատման կարգը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ սահմանված՝ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից:
Այդ նպատակով 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները: