ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզի սննդի շղթայի օպերատորների՝ իրացման ցանցի, հանրային սննդի կետերի ներկայացուցիչների, հետ, այցելել է սպանդանոց և անասնաֆերմա՝ անձամբ ծանոթանալու մարզում առկա սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրներին:
Տեսչական մարմնի ղեկավարը, լսելով տնտեսավարողների մտահոգությունները և պատասխանելով նրանց հարցադրումներին, շեշտել է ոլորտի օրենսդրության պահանջները տառացիորեն պահպանելու անհրաժեշտությունը, ներկայացրել համապատասխան կարգավորումները, հորդորել պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը: Նա վստահեցրել է, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրվում են սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների, կենդանի կենդանիների արտահանման ու ներմուծման գործընթացները հնարավորինս արագ և տնտեսավարողի համար անխոչընդոտ իրականացնելու համար: «Ձեր բոլոր մտահոգությունները գույքագրվում են: Դրանք կքննարկվեն ու կգտնվեն բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ»,- ասել է Արմեն Դանիելյանը:
Քննարկվել են նաև սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի, սպանդանոցների հասանելիության խնդիրները: ՍԱՏՄ ղեկավարը հաստատել է կառույցի վճռականությունը թույլ չտալու, որ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքը հայտնվի իրացման ցանցում:
Արմեն Դանիելյանը նաև հանդիպել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ: Պաշտոնյաներն անդրադարձել են երկու կառույցների համագործակցությանը՝ ի մասնավորի ընգծելով հատկապես սպանդանոցային մորթի առավելությունների մասին բնակիչներին և կենդանատերերին իրազեկելու հարցում իրենց ջանքերը համատեղելու կարևորությունը:
Խոսվել է կառավարության ծրագրերից օգտվելու և սպանդանոցային կետեր կամ շարժական սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող համայնքներին ու անհատներին աջակցություն ցուցաբերելու, սահմանված տարածքներ տրամադրելու անհրաժեշտության մասին: