ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։
Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:
Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:
Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»,- ասված է հաղորդագրության մեջ: