Դեկտեմբերի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն այցելեցին Երևանի Արամի 44 հասցեում գտնվող տարածք, որը ՀՀ
կառավարության 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։
Այցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան շենքում իրականացված վերականգման աշխատանքներին, որոնք ուղղված են կառույցի պահպանմանը և նորովի շահագործմանը, ինչպես նաև Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի ընթացքին և նպատակներին։
«Մեր քաղաքում պակասում է կրթական-մշակութային կենտրոնների, արվեստանոցների կոլորիտը, ուրախ եմ, որ այս նախագծի արդյունքում արդեն իսկ նպաստում ենք արհեստավորների նոր սերնդի ձևավորմանն ու զարգացմանը։ Արամի 44 հասցեի շենքը եզակի պատմական և ճարտարապետական արժեք ունեցող պետական սեփականություն է, և մենք կարևորում ենք դրա ճիշտ և նպատակային օգտագործումը։
Վարձակալության այս գործարքը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է պետական գույքը ծառայեցնել թե՛ հանրային շահին և թե՛ ապահովել ֆինանսական մուտքեր»,- նշեց Կոմիտեի նախագահը։ Շենքում գործող կրթական կենտրոնը, որտեղ այժմ հաճախում է շուրջ 1000 ուսանող, կազմակերպում է դասախոսություններ և միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և
արհեստագործության զարգացմանը․ «Այս պատմական շենքը կնպաստի «Թումո» ստուդիաների առաքելության իրականացմանը՝ ներգրավելով ավելի շատ անձանց, օգնելով նրանց անվճար սովորել՝ հնարավորություն տալով պահպանել և վերաիմաստավորել հայկական արհեստագործական ավանդույթները»,- նշեց «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Ավելի քան հարյուրամյա իր պատմության ընթացքում շենքը ծառայել է տարբեր նպատակների՝ դառնալով կրթական-մշակութային կյանքի կենտրոններից մեկը։ Այսօր, երկու կողմերի ջանքերի շնորհիվ, Արամի 44-ը վերածվել է կրթական և ստեղծագործական կարևոր հանգույցի՝ միավորելով պատմությունն ու ժամանակակից նախաձեռնությունները։