Դեկտեմբերի 23-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության շինարարության մեկնարկը տրվել է 2023 թվականին՝ ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ և Արդշինբանկի ֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 9 մլն եվրո։
Ընկերության տնօրեն Գրիգոր Ամիրխանյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է ջերմատան տարածքով, ծանոթացել համալիրի տեխնիկական լուծումներին և ներկայացված հնարավորություններին։ Նախարարը կարևորել է նմանատիպ նախագծերի դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում՝ նշելով, որ դրանք ոչ միայն մեծապես կխթանեն գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, այլև կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և գյուղական համայնքների տնտեսական կայունությանը։ Նա նաև հավելել է, որ պետությունը նախատեսում է ընդլայնել պետական օժանդակությունն այս ոլորտում։
Բարձր տեխնոլոգիաներով հագեցած համալիրը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապասասխան՝ ֆրանսիական «Richel Group»-ի սարքավորումների կիրառմամբ։ Համալիրն ունի բոլոր անհրաժեշտ միկրոկլիմայական համակարգերը, որոնք ավտոմատացված են և կառավարվում են փորձառու մասնագետների կողմից։ Ջերմատունն ունի 5 հեկտար շահագործվող տարածք, իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել մինչև 18 հեկտարի, ինչը թույլ կտա աճեցնել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բերք։ Ներկայումս ջերմատունն ունի մոտ 60 աշխատակից, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 250-ի։
«Նուվո Վիլաժ»-ի նպատակն է հասնել տարեկան 1.5 հազար տոննա արտադրողականության։ Արտադրանքի մի մասը կսպառվի տեղական շուկայում, իսկ մնացածը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, հետագայում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և եվրոպական երկրներ։
Ներկայում ջերմատան տարածքում մշակվում է 177,000 պղպեղի սածիլ, և առաջին բերքը նախատեսվում է ստանալ 2025 թվականի փետրվարին։ Ջերմատունը տեղակայված է ծովի մակերևույթից 1415 մ բարձրության վրա, ինչը ենթադրում է մեծ քանակությամբ արևային օրեր և բարենպաստ կլիմայական պայմաններ։
Նախարարը միջոցառման ընթացքում անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին և գործիքակազմին։