Կարևոր իրադարձություններ

ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2024 22:28
ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը (տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Շնորհավորելով ՆԳ նախարարին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։

Անդրադառնալով ՆԳ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ԵԽ աջակցությանը՝ Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ ունեցած բացառիկ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը ստորաբաժանման ձևավորման, ենթաօրենսդրական դաշտի մշակման և ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ ընդգծելով օրենսդրական դաշտում գրանցված համատեղ ձեռքբերումները։

Արփինե Սարգսյանը կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Ոստիկանության գվարդիայի կայացման գործում ՆԳ նախարարն ընդգծել է ոչ միայն օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքների կարևորությունը, այլև հետևողական և արդյունավետ կիրառումը։

Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմերի կիրառման, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Շտապօգնության անձնակազմի համատեղ վերապատրաստումների արդյունավետությունը։

ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ՆԳՆ ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։

Կողմերը քննարկել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում համագործակցության, ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին