ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում սերտացել են՝ նպաստելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
«Զարգացող բազմակողմ հարաբերությունները հնարավոր են դարձել այն մշակութային և հասարակական գործիչների շնորհիվ, որոնք իրենց գործունեությամբ բարեկամության կամուրջ են հանդիսացել երկու ժողովուրդների և պետությունների միջև: Առանձնակի ուզում եմ կարևորել հաջողված մշակութային փոխգործակցությունը գրականության, երաժշտարվեստի, թատերագրության, ինչպես նաև համատեղ կինոարտադրության ոլորտներում: Հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են՝ հնարավորություն տալով տվյալ հանրությանը հաղորդակից դառնալու մյուս կողմի գրական նվաճումներին»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ակտիվ համագործակցություն է ծավալվել հայ և սերբ մշակութային գործիչների մասնակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների և միջազգային փառատոների շրջանակում:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում հատուկ հետաքրքրություն է ձևավորվել սերբերենի հանդեպ. Երևանի պետական համալսարանում ձևավորվում է խումբ, որն ուսումնասիրելու է սերբերեն: «Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ և կդառնա ավելի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Սերբիայի բարգավաճման ու բարօրության»,- նշել է նախարարի տեղակալը:
Տոնակատարության շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչել են սերբ անվանի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացիի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի, Էլեն Յոլչյանի, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները: