Կարևոր իրադարձություններ

ՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին (լուսանկարներ)

08 Նոյեմբեր, 2024 12:40
ՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու  բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին:

Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման ու նախնական փորձառության ձևավորման լսարան:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաներին, որոնք հիմնվել են ծրագրի շրջանակում և ամբողջովին արդիականացվում են: Լաբորատոր սարքավորումներով համալրման գործընթացը շարունակվում է. ծրագրի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի: 

Ժաննա Անդրեասյանն իրականացված աշխատանքներն ու նոր ստեղծվող ենթակառուցվածքները կարևոր նախադրյալ է համարել որակյալ կրթության կազմակերպման առումով: 

Նախարարը կարևորել է ծրագիրը՝ շեշտելով, որ ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվի արդյունավետ մասնագիտական կրթություն, իսկ գործող ուսուցիչների համար այստեղ կարող են վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել: Ստեղծված պայմանների շնորհիվ ուսանողները և վերապատրաստման դասընթացների մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև ուսումնակրթական մասի բովանդակային մշակման անհրաժեշտությունը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։ ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։ 

Լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրով: Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը: 

Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին