Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ բնապահպանները՝ համայնքային զարգացման նոր ուժ. մեկնարկել է «Կանաչ դեսպաններ» ծրագիրը (լուսանկարներ)

07 Նոյեմբեր, 2024 18:26
Երիտասարդ բնապահպանները՝ համայնքային զարգացման նոր ուժ. մեկնարկել է «Կանաչ դեսպաններ» ծրագիրը (լուսանկարներ)

Նոր Կյանք, Եղեգնավան և Գոռավան համայնքների դպրոցականները թռչուններ են դիտել Խոր Վիրապի ջրաճահճային տարածքում, ծառեր տնկել և խորացել կլիմայի փոփոխության մարտահրավերների մեջ՝ ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ իրականացվող «Կանաչ դեսպաններ» ծրագրի շրջանակում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է երիտասարդների ներգրավմանը բնապահպանական կրթության և համայնքային զարգացման գործընթացներում։ «Կանաչ դեսպաններ» ծրագիրը ներառել է մի շարք կրթական և գործնական բաղադրիչներ՝

Տեղական ինքնակառավարում և երիտասարդություն

Կլիմայի փոփոխության հիմունքներ

Կենսաբազմազանության պահպանություն

Հայաստանի բնապահպանական մարտահրավերներ

Բնության դիտարկում և պահպանություն

Խոր Վիրապի ջրաճահճային տարածք կատարված այցելության ընթացքում մասնակիցները դիտարկել են ավելի քան տասը տեսակի թռչուն՝ ուսումնասիրելով տարածքի էկոլոգիական նշանակությունը չվող թռչունների համար։ «Այս ծրագիրը նոր հեռանկարներ է բացում համայնքների երիտասարդների առջև՝ ակտիվորեն ներգրավվելու շրջակա միջավայրի պահպանության և համայնքային զարգացման գործընթացներում», - նշում է ծրագրի համակարգող Արթուր Զաքարե Հարությունյանը։

Ծրագրի շրջանակում երիտասարդները ծանոթացել են՝

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

Ջերմոցային էֆեկտի և CO₂-ի ազդեցությանը

Էկոհամակարգերի դերին և մարդկային գործունեության ազդեցությանը

Հայաստանի էկոլոգիական մարտահրավերներին

Բնության պահպանության գործնական հմտություններին

Ծրագրի ընթացքում իրականացվել է նաև ծառատունկ, որի ընթացքում երիտասարդները գործնականում ցուցադրել են բնապահպանական 

գիտելիքների կիրառումը։ «Կանաչ դեսպաններ» ծրագրի հաջող մեկնարկը ցույց է տալիս նմանատիպ նախաձեռնությունների արդյունավետությունը և կարող է օրինակ ծառայել այլ համայնքների համար։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ և FPWC-ի փորձագետների՝ Արթուր Զաքարե Հարությունյանի, Լուսինե Կարապետյանի, Նարեկ Օհանյանի և Վահե Սալահյանի ղեկավարությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին