Նոյեմբերի 1-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։
Մրցույթը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից` չինական պետական-մշակութային կառույցների աջակցությամբ:
Մրցույթն անցկացվում է «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտական կարգերում։ Երաժշտական այս ստուգատեսին ներկայանում են աշխարհի տարբեր երկրների պատանի երաժիշտներ։ Մրցույթի ժյուրիի կազմում, ի թիվս մեծ համբավ վայելող մասնագետների, ներգրավված են նաև հայ երաժիշտներ՝ Սերգեյ Սարաջյան (դաշնամուր), Հայկ Կազազյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ)։
Ուշագրավ է, որ մրցույթի եզրափակիչ փուլի բացման համերգին Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Մարի Հակոբյանը:
Լավագույնի տիտղոսի համար պայքարող պատանիներին նվագակցելու համար Պեկինում կհյուրընկալվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մրցույթի շրջանակում հանդես կգա նաև առանձին համերգներով։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշում է, որ չինական պետական կառույցների հետ համատեղ անցկացվող այս մշակութային նախաձեռնությունն ամրապնդում է երկու երկրների մշակութային կապերը՝ ավելի ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը Չինաստանում, ինչպես նաև հանրահռչակում է Արամ
Խաչատրյանի հարուստ երաժշտական ժառանգությունը, ինչը հիմնադրամի առաքելությունն է։
Մրցույթին կարելի է հետևել «Ամադեուս» հեռուստատեսության հարթակում։ Այս հարթակի միջոցով միլիոնավոր մարդիկ հաղորդակից են դառնում խաչատրյանական երաժշտական տոնին։