Կարևոր իրադարձություններ

Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2024 16:19
Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:

Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 2-րդ համայնքային փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 17,500 աշակերտներ: 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 1-ին տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը` նռնակի նետում (Ô-1 ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում։

Ինքնաձիգի քանդում-հավաք մրցաձևի անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Սուրեն Շահումյանը Կոտայքի մարզից, նռնակի նետում (ուսումնական) մարզաձևում առաջին տեղը զբաղեցրել է Տիգրան Ղազարյանը (Վայոց ձորի մարզ), ձգումներ պտտաձողից մարզաձևում՝ Սուրեն Շահումյանը (Կոտայքի մարզ), հրաձգություն (ինքնաձիգով) մարզաձևում՝ Նարեկ Մկրտչյանը (Վայոց ձորի մարզ), կրոսավազք (1000 մ) մարզաձևում՝ Մկրտիչ Ասլանյանը (Շիրակի մարզ), իսկ փոխանցումավազք (4 x 50 մ) վարժությունում 1-ին տեղը գրավել է Վայոց ձորի մարզի թիմը:

Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներում մրցանակային 1-ին տեղը գրավել է Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:

Թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով, գավաթներով, նվերներով և մարզագույքով։ Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են 4-ից 11-րդ տեղեր գրաված մարզերի դպրոցները՝ ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արմավիրի մարզերը և Երևան քաղաքը:

Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մասնակից թիմերի բոլոր անդամներին տրամադրվել են մարզաշապիկներ։

Պարգևատրման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, զորամասի հրամանատար գնդապետ Արամ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստականության վարչության ավագ սպա, փոխգնդապետ, մրցումների գլխավոր մրցավար Դավիթ Գրիգորյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին