ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր:
Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում:
Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով եւ պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:
Սիրելի՛ երիտասարդներ, խորհուրդս է ձեզ՝ մշտապես ինքնակրթվել, լինել նպատակասլաց ու պահանջատեր քաղաքացի՝ ծառայեցնելով ձեռք բերված գիտելիքները հանուն մեր երկրի վառ ապագայի»,- ասվում է ԱԺ նախագահի տարածած ուղերձում։