Կարևոր իրադարձություններ

Նորագյուղ թաղամասը ենթադրվում է դառնալ Երևանի նոր կենտրոնը. Ավինյան

01 Հուլիս, 2024 11:36
Նորագյուղ թաղամասը ենթադրվում է դառնալ Երևանի նոր կենտրոնը. Ավինյան

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նորագյուղի ծրագիրը, որը դիտարկվում է որպես «Երևանի ուրբան զարգացման դրոշակակիր ծրագիր»:

Այս համատեքստում քաղաքապետը կարևորեց Նորագյուղի բնակիչների իրավունքների լիարժեք պահպանությունն այս ամբողջ գործընթացում: Օրինակ` տարածքում կան հին տներ, որոնք հողաշեն են, և բնակիչները կարիք ունեն բնակարանային ու բնակֆոնդի հարցերի լուծման:

«Այս ծրագիրն օգտագործելով՝ վստահ եմ` ամբողջ Նորագյուղ թաղամասի խնդիրները հնարավորություն կունենանք լուծելու»,- ասաց նա:

Մյուս խնդիրը ճանապարհի խնդիրն է: Այս ծրագրով, ըստ Ավինյանի, կապահովվի Մոնթե Մելքոնյանի միացումն Արշակունյաց պողոտայի հետ, այսինքն՝ Իսակովի-Արշակունյաց պողոտաների միացումը, որն էականորեն բեռնաթափելու է այդ հատվածի երթևեկության ծավալը:

Ըստ քաղաքապետի՝ ուրբանիստական այս լուծումները բեռնաթափելու են նաև Երևանի Փոքր կենտրոնը, քանի որ ենթադրվում է, որ նոր թաղամաս են տեղափոխվելու բիզնեսներ, ՏԻՄ սուբյեկտներ:

«Մեզ հարկավոր է լինելու փնտրել և գտնել միջազգային գործընկերներ, միջազգային դեվելոփերական ընկերություններ, որոնք նմանատիպ ծավալի իրականացման փորձ ունեն, և նախնական որոշակի քննարկումներ կան»,- ասել է նա` հավելելով, որ գոհացուցիչ է այն, որ գլխավոր հատակագիծն արդեն կա, այն իրականացվել է հայտնի ճարտարապետական ընկերության կողմից:

«Նաև կարևոր է, որ գլխավոր հատակագծից որևէ տեսակի շեղում մենք թույլ չտանք, այսինքն՝ ի սկզբանե ինչպես նախագծվել է, ամբողջական տրամաբանությունը կարողանանք պահպանել»,- ասել է քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին